Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ փորձն է արել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու: Նախկին նախագահների միասնական դաշինքի առաջարկը Քոչարյանի կտրուկ մերժելուց հետո` մայիսի 1-ին, Տեր-Պետրոսյանը հանդիպել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջարկել Կոնգրես-Հանրապետական դաշինքով մասնակցել, բայց Սարգսյանը եւս մերժել է։
Տեր-Պետրոսյանն երեկ հրապարակեց իր առաջարկի տեքստը. նա ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ առաջարկի դեպքում շեշտել է` նախկին ղեկավարները իշխանության չեն հավակնելու իսկ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ:
Ի պատասխան Սերժ Սարգսյանի գրասենյակից արձագանքում են, թե Տեր-Պետրոսյանի հրապարակած տեքստն առաջին անգամ են տեսնում։ Իսկ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ «երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում»:
Մինչ այս, արդեն եռակողմ ֆորմատը մերժել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս գլխավորում է Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ «Վերածնվող Հայաստանը» Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարած կուսակցությունը: Այս ուժը մայիսի 9-ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.