ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:
«Պետքարտուղար Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ համագործակցության մասին և ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ «երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իսրայելում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայում շարունակվող բռնությունների կապակցությամբ իրենց ընդհանուր մտահոգությունը, ինչպես նաև հրադադարի հասնելու համար իրենց փոխգործակցությունը տարածաշրջանի գործընկերների հետ»։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումներն սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: