Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական
ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:

Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և
ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:




Լրահոս