ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հայտարարություն է տարածել.
«Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդն անընդունելի է համարում 2021 թ.-ի մայիսի 20-ին հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, քանի որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականության հարցը Հանրապետության նախագահը վիճարկել է՝ 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմելով ՀՀ Սահմանադրական դատարան, և օրենքը պետք է քննարկման առարկա դառնա Սահմանադրական դատարանում։
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող երեք պետական բուհի վերաբերյալ 2021 թվականի մայիսի 4-ի ՀՀ կառավարության որոշման սահմանադրականությունը։
Ուստի, նման պայմաններում միևնույն կարգավորման առարկայի վերաբերյալ որևէ այլ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի և կառավարության որոշման սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը»։