Վագոն-տնակների ապամոնտաժումը նպատակ՝ տարիների գործընկերների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցամյա Դավիթը դժկամությամբ է խոսում մանկության տան՝ մետաղյա վագոն-տնակի մասին: Ինքն ու քույրն այնտեղ են ծնվել, մեծացել և զգացել սահմանափակ տարածքում ապրելու դժվարությունը: Առանց խաղի և ընկերների այցելության մեծացած Մելինեն էլ անկեղծանում է, որ հայրիկին հոգսերով չծանրաբեռնելու համար, մայրը չի տրտնջացել, այլ իրենց սովորեցրել է երազել ու հաղթահարել խնդիրները:

Վարդենիկ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքում կարևոր և դրական փոփոխություն է եղել: Գեղարքունիքի մարզին բնորոշ ոչ մեղմ կլիման այլևս խնդիր չէ նրանց համար: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, ընտանիքի երազանքների երկհարկանի տունը վերջապես կառուցվել է: 1992 թվականին, հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած տանտերը՝ Յուրիկը, յոթ տարի առաջ էր վագոն-տնակի կողքին տան շինարարություն ձեռնարկել, որն ավարտին հասցնել չէր կարողացել: Այժմ ամեն ինչ այլ է. դժվար օրերի հիշողությունն իր տեղը զիջում է լուսավոր ու դրական հույզերին: Մետաղյա վագոն-տնակի ապամոնտաժմանն էլ հաշված օրեր են մնացել:

«Վագոն-տնակում էինք ապրում: Փոքրիկներիս մանկության տունը մետաղյա կացարան էր: Դժվար էր այդպիսի պայմաններում երեխաներ մեծացնելը. շարժվելու տեղ չկար, կոմունալ հարմարություները բացակայում էին, անգամ ջուրն էր դրսում, և խմելու համար ստիպված էինք լինում դրսից բերել: Ամռանը ներսում շատ շոգ էր, ձմռանը՝ ցուրտ: Կենցաղավարությունն անհարմար էր ու բարդ: Բայց, երբ ստիպված ես՝ պետք է նաև հարմարվել: Այժմ ամեն ինչ անցյալում է, տնակն էլ ապամոնտաժելուց հետո, կվերադարձնենք այն այնտեղ, որտեղից բերել ենք»,-ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Արմինեն:

«Կառուցվող ամեն տան հետ տանտերերի փոխված հոգեվիճակն զգալով` ավելի կարևոր եմ համարում բնակարանաշինության ծրագիրն ու մեր գործընկերությունը: Այս տարիների ընթացքում, հոգեբանորեն կոտրված շատ ընտանիքների ենք հանդիպել: Երբեմն մի քանի սերունդ նույն վագոն-տնակում կամ էլ կիսակառույցում է մեծացել: Ուրախ եմ, որ հիմա այդ ընտանիքների կյանքում դրական տեղաշարժ է արձանագրվել: Եթե մեզ հաջողվել է հուսահատության մեջ հայտնված մարդկանց հոգում արթնացնել հավատը, ապա մեր գործադրած ջանքներն իզուր չեն: Հիմա նրանք պետք է ձգտեն մոռանալ անցյալի դժվարությունները և կառուցեն լավ ապագա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր ժողովրդի կենցաղում, վագոն-տնակների առկայությունը չարիք է դարձել: Տարիներ շարունակ, իրավիճակին ստիպված հարմարվելը շատ է փոխել մարդկանց հոգեբանությունը: Այդ ամենը շտկելու և մեր հայրենակիցներին աջակցելու համար, համարժեք քայլեր էին պետք: Այս ծրագիրն այդ առումով հաջողություն է արձանագրում: Անկախ ժամանակի թելադրած պայմաններից, մեզ հաջողվում է միասին իրականացնել բնակարանաշինության ծրագիրն ու լիարժեք կյանքի վերադարձնել ընտանիքներին»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը: Վագոն-տնակների ապամոնտաժումը և ընտանիքներին հենման կետ՝ բարեկեցիկ կյանք սկսելու հնարավորություն տալը, կարևոր նպատակ են դարձել:




Լրահոս