ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ԿԴԻՄԵՆ ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» դաշինքը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունն անվավեր ճանաչելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ վստահ են, որ Ազգային ժողովի խոսնակի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտումներով։

«Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը, եւ համարել, որ էդ ընտրությունները նորմալ, հավասար միցակցային պայմաններում են եղել։ Պատկերացրեք, ոնց որ գնան Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ գրանցելու թեկնածուներին, ԿԸՀ-ն գրանցում է թեկնածուին, բայց իրեն թույլ չեն տալիս, որ մասնակցի քարոզարշավին։ Էդպիսի իրավիճակ է ստեղծվել, այսինքն՝ Ազգային ժողովն առաջին նիստին հաստատում է, որ էդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորի լիզորությունները կասեցվում են ըստ էության. սա աննորմալ վիճակ է։ Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք այս հարցի պատասխանը՝ էն, ինչ-որ անհեթեթ կերպով դատախազությունն է մեկնաբանում, որ պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարել է ԿԸՀ-ն։ Անձեռնմխելիությունը պատգամավորի կարող է հաղթահարել միայն Ազգային ժողովը», – ասաց Ռուստամյանը։

Երեկ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին, ԱԺ նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանը կալանավորված են քրեական գործերով եւ նիստին ներկա չէին։ Նիստն անցնում էր լարված մթնոլորտում. ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին Զաքարյանի եւ Սարգսյանի մասնակցությունը։

«Այո՛, պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, բայց տվյալ պարագայում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի է ունեցել մինչեւ մանդատ ստանալը, եւ նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումներով։ Ազգային ժողովը որեւէ ձեւով չի կարող ազդել արդարադատության համակարգի որոշման վրա», – արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ առաջարկելով հնարավորություն ընձեռել նախագահողին ձեւավորել ԱԺ մարմիններ, հետո անցնել այդ թվում առօրյա գործունեության հարցերին։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը հակադարձել էր. «Մեր գործընկերները՝ պարոն Զաքարյանը եւ պարոն Սարգսյանը, ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Այդ մարդիկ ուզում են գալ, նիստին ներկա գտնվել, ոնց որ դուք եք ներկա, բայց իրենց թույլ չեն տալիս, իրենց թույլ չեն տալիս՝ բոլորիս առջեւ դրված այս Սահմանադրությունը ոչ թե խախտելով, այլ տրորելով։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարա ասի, որ պատգամավորին առանց Ազգային ժողովի համաձայնության կարան կալանավորեն, թող իրավաբանությունից չխոսա»։

«Հայաստան» դաշինքի պահանջին միացավ նաեւ ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։

Երեկ 8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը։ Խորհրդարանը փոխնախագահներ է ընտրում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի թեկնածությունները, «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ը թեկնածու չառաջադրեց։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Ն.Հ.

 

 

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ Է ՏԵՍԵԼ

Արմավիր քրեկատարողական հիմնարկի դատապարտյալը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Մեզ հայտնի դարձավ, որ հուլիսի 30-ին Ռուստամ Շավալյանը իրավապահներին հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ բուժմասի պետ Սերոբ Մանուկյանը հեռախոսով լուսանկարել է իր կողմից նշված ՔԿՀ պետին հասցեագրված դիմումը եւ այն ուղարկել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ պետ Վահագն Ոսկանյանին իր նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, ինչն էլ տեղի է ունեցել: Դատապարտյալի դիմումի հիման վրա նախաքննություն է ընթանում:

 

ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ՎՆԱՍԵԼՈՒ ԳՈՐԾ

«Հայաստան» դաշինքի գովազդային պաստառները վնասելու գործով մեկ անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, դեմ լինելով 2021 թվականի  հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում նախընտրական պայքարի մեջ մտած «Հայաստան» դաշինքի քաղաքական ծրագրերին, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու եւ ոչնչացնելու մտադրությամբ 2021 թվականի հունիսի 4-ին գնացել է Ալագյազ եւ Ծաղկահովիտ համայնքներում գտնվող, «Հայաստան» դաշինքին պատկանող նախընտրական շտաբների մոտ եւ պոկելու եղանակով վնասել է գովազդային պաստառները։

 

ՄԵՐԺՎԵԼ Է

Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի կալանավորման վերաքննիչ բողոքը քննող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։ Այս մասին ArmLur.am-ի հայտնել է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Ես ներկա չեմ եղել նիստին, որոշմանը ծանոթ չեմ։ Արժանի չեմ համարում ձեւական նիստերի մասնակցելը, բնականաբար, պարզ է՝ ինչ որոշում պետք է կայացվեր։ Ինձ համար պարզ է նաեւ, թե բողոքի արդյունքում ինչ որոշում են կայացնելու. մերժելու են»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

 

 

ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ

Երեկ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ԱԺ փոխնախագահի ընտրության քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, Ռուբեն Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ դարձավ 70 կողմ ձայնով:

 

 

ԱԶԱՏՈՒՄ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Կարեն Անդրեասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Հիշեցնենք, որ Անդրեասյանը 2011 թ. մարտի 2-ին Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։

 

 

ՊԵՏՔ Է ՍԽԱԼՆ ՈՒՂՂԵԼ

«Ձեր թիմակից, ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն այժմ  արտաքին գործերի նախարարի տեղակալ է  եւ ամենայն հավանականությամբ  կնշանակվի արտգործնախարար, օգտագործել է Լեռնային Ղարաբաղի տարածք  խիստ անընդունելի եզրույթը։ Եղե՞լ է արդյոք ներքին քննարկում այդ եզրույթի մասով, եւ պատրաստվո՞ւմ է արդյոք իշխանությունը ներողություն խնդրել կամ շտկել այդ սխալը»,- ԱԺ նիստի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հարց ուղղելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։ «Այդ  հայտարարությունը ոչ թե Արմեն Գրիգորյանինն  է, այլ Արտաքին գործերի նախարարությանը։ Իլհամ Ալիեւը վերջերս ասել էր, որ Լեռնային Ղարաբաղ այլեւս գոյություն չունի։ ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ չի օգտագործվում ԼՂ տարածք տերմինը, այլ հղում է արվում Իլհամ Ալիեւի այդ հայտարարությանը»,-ասաց նա։ Ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ, Ալիեւի հայտարարությունները նույնությամբ կրկնելու փոխարեն, պետք է ուղղել սխալը։

 

 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԱԺ-ՈՒՄ

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողները երեկ ստորագրահավաք էին  իրականացնում՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները: Լրագրողները նաեւ նպատակ ունեն փակ հանդիպում ունենալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ նրա հետ քննարկելու այն հարցը, թե ինչ նպատակ է հետապնդում լրագրողների՝ խորհրդարանում աշխատանքի սահմանափակումները: Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում է 8-րդ գումարման ԱԺ նիստերը, որի ժամանակ լրագրողների տեղաշարժը հսկվում է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ առաջիկայում որոշում կա` ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ:

 

 

ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին երեկ տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի եւ որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք:

 




Լրահոս