ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին 3-րդ փորձից ընտրելուց հետո, հիմա էլ մեկ այլ թեժ իրավիճակ է ԱԺ հանձնաժողովների նախագահների հետ կապված:
Բանն այն է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեռևս իշխանությանը չի ներկայացնում այն հանձնաժողովները, որոնք ցանկանում է ղեկավարել, իսկ իշխանությունն էլ իր հերթին ունի հանձնաժողովներ, որոնք ոչ մի դեպքում չի ցանկանում զիջել ընդդիմությանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ այդ հանձնաժողովների թվին է դասվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Մնացածի դեպքում, կարծես թե, իշխանությունը մտադիր է բանակցել:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ունենալ 12 մշտական հանձնաժողով: Առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձեւավորվեն յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Նշենք, որ իշխանությունը իր փակ խմբակցության նիստերի ժամանակ ընտրել է բոլոր հանձնաժողովների համար նախագահների:
Ըստ մեր տեղեկությունների՝ «Հայաստան» խմբակցությունը եթե ունենա երեք հանձնաժողով, ապա որոշված է, որ մեկը կղեկարարի Վահե Հակոբյանը, մյուսը՝ Արմեն Գևորգյանը, իսկ երրորդն էլ նպատակ կա տալու «Պատիվ ունեմ» խմբակցությանը: Առաջիկայում թեժ իրավիճակ է սպասվում նաև հանձնաժողովների նախագահների ընտրությունների հետ կապված:
Սոնա Գրիգորյան