Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ պարզվել է, որ Գուսանագյուղ համայնքի ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, առանց ավագանու համապատասխան որոշումների, շահադիտական դրդումներով, 2015-2016թթ. ընթացքում դրամաշնորհային պայմանագրեր կնքելով համայնքապետարանի և իր որդու նախագահությամբ գործող «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի միջև, հիշյալ կոոպերատիվին անհատույց փոխանցել է խոշոր չափերով՝ 1.426.000 ՀՀ դրամ գումար՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով այն:

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը, նույն եղանակով համայնքի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ, 2010թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Գուսանագյուղ համայնքին ընդհանուր 9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ նվիրաբերված գյուղատնտեսական «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորը, անսարք լինելու պատրվակով, անհատույց, սեփականության իրավունքով տրամադրել է հիշյալ «Գուսանագյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին:

Աշխատակզմի ղեկավարը 2016թ. հուվարի 22-ին կազմել, իսկ համայնքի ղեկավարը հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, Գուսանագյուղի գյուղական համայնքի ավագանու նիստի արձանագրությունը և որոշումը, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ վերոհիշյալ տեխնիկաների հետ կապված, ապա նշված կեղծ փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է Շիրակի մարզպետարան և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը 9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորն անհատույց, սեփականության իրավունքով, տրամադրվել է որդու նախագահությամբ գործող սպառողական կոոպերատիվին՝ այդ կերպ խախտելով նվիրաբերության մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի և պետության իրավունքներին ու օրինական շահերին` առաջացնելով ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս