Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության հիմնական գործառույթը հետբացթողումային փուլում թաքնված հիմնական ռիսկերի բացահայտումը եւ չեզոքացումն է: Վարչությունը 2021թ. 1-ին կիսամյակում իրականացրել է 52 մաքսային ստուգում, ինչի արդյունքում լրացուցիչ հաշվարկվել է ավելի քան 579,1 մլն դրամի մաքսային վճար, իսկ 2020 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում՝ 39 մաքսային ստուգում, լրացուցիչ հաշվարկվել է ավելի քան 291,1 մլն դրամի մաքսային վճար, ինչը կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Եղել են ապրանքների սխալ դասակարգման, սխալ հայտարարագրված մաքսային արժեքի ներկայացման, ակցիզային հարկի սխալ դրույքաչափի կիրառման եւ այլ բնույթի խախտումներ:
Հասցեական ստուգումներ՝ ռիսկային չափանիշների հիման վրա
Արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողության փուլում շարունակաբար կատարելագործվում են վարչության վերլուծական կարողությունները, ինչը նախատեսված է նաեւ ՀՀ ՊԵԿ զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով: Վերլուծական կարողությունների զարգացումն առաջնահերթ միտված է իրավախախտումների կանխարգելմանը:
Այսպես, հաշվետու ժամանակահատվածում վարչությունն իրականացրել է վերլուծական աշխատանքներ մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մաքսային հսկողության փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների ստուգման ձեւի շրջանակում նախապես մշակված ռիսկերի պրոֆիլների միջոցով իրականացված ընտրողականության շնորհիվ ստուգվել են 15.304 ապրանքների հայտարարագրեր: ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա՝ իրականացվել է դասակարգման տեսանկյունից 52 անուն ռիսկային ապրանքների ուսումնասիրություն: Մաքսատուրքերի արտոնություն եւ 0 տոկոս դրույքաչափ ունեցող ապրանքների ուսումնասիրության շրջանակում «ՀՀ ազգային մեկ պատուհան» տեղեկատվական համակարգից իրականացվել է համապատասխանաբար 1.100 եւ 520 ապրանքների հայտարարագրերի վերլուծություն: Իրականացվել է նաեւ հակագնագցման տուրքեր ունեցող 102 ապրանքների հայտարարագրերի վերլուծություն: ՀՀ մաքսային մարմիններին մաքսային ձեւակերպումների ժամանակ ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով 343 կազմակերպությունների 1.212 ապրանքային հայտարարագրերի վերաբերյալ 27 օտարերկրյա պետության 28 հարցում է կատարվել: Ուսումնասիրվել են «վերամշակում մաքսային տարածքում» եւ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված համապատասխանաբար 6.223 եւ 1.645 ապրանքների հայտարարագրեր: Հաշվետու ժամանակահատվածում վարչությունը իրականացրել է թուրքական ծագում ունեցող շուրջ 16000 ապրանքի հայտարարագրի վերլուծություն, որի արդյունքում մշակվել է ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների ստուգում կատարելու համար գործարքների ընտրության նոր 5 լրացուցիչ ռիսկի պրոֆիլ: Վարչության աշխատանքները նոր շեշտադրում են ստացել կամերալ ուսումնասիրությունների համակարգի գործարկմամբ: Նոր համակարգը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հետբացթողումային փուլում ներկայացնել վերհանված ռիսկերը եւ ստանալ նրանց պարզաբանումները: Արդյունքում հիմնավոր պատասխանի դեպքում վարչությունը դադարեցնում է ստուգման գործառույթները, իսկ հակառակ դեպքում` գործընթացը, ըստ անհրաժեշտության, շարունակում են այլ ստորաբաժանումները: Գործընթացը թույլ է տալիս տնտեսվարողներին տարանջատել՝ ըստ ռիսկայնության՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով տարբերակված մոտեցում: Ռիսկային խմբում ընդգրկված տնտեսվարողների նկատմամբ իրականացվում է խիստ վարչարարություն, իսկ ոչ ռիսկայինների նկատմամբ ցուցաբերվում է ավելի մեղմ մոտեցում: Այսպես, 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների ստուգման ուսումնասիրման նպատակով 144 դեպքով իրականացվել է վերլուծություն, 87 դեպքով գրություններ են ուղղվել ապրանքներ տեղափոխող անձանց՝ համապատասխան պարզաբանումներ կամ ճշգրտումներ ներկայացնելու պահանջով: Արդյունքում 21 դեպքում ապրանքներ տեղափոխող անձինք ընդունել են իրենց սխալը՝ կատարելով ապրանքային հայտարարագրերի ճշգրտումներ, 24-ը ընթացքում է, 11-ով նյութերը տրամադրվել են մաքսային ստուգում անցկացնելու համար, իսկ 50 դեպքում անհամապատասխանություն չի բացահայտվել:
Միասնական ցուցանիշ
Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների՝ եռամսյա կտրվածքով աշխատանքի արդյունավետության գնահատման սանդղակում ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունն էապես բարելավել է դիրքերը՝ 2019թ. 36,82-ից հասնելով 2021թ. 89.50-ի (2018թ. ցուցանիշը եղել է 29,15): Ձեռքբերումները որդեգրված մոտեցումների, վերլուծական կարողությունների զարգացման եւ իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունք են:
Միասնական ցուցանիշն(ֆ)՝ ըստ անդամ պետությունների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների.
ՏՈՒՖԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀ
Նոյեմբերյան քաղաքը եւ այդ տարածաշրջանի սահմանամերձ 8 գյուղերը միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքում 2021թ. համայնքի եւ պետության կողմից համատեղ իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերով համայնքի տարբեր բնակավայրերում վերակառուցվելու է 5 ճանապարհ: Արդեն մեկնարկել են սահմանամերձ Բաղանիս գյուղի 17-րդ փողոցի՝ մանկապարտեզից դեպի վերին թաղամաս տանող վերընթաց 360-մետրանոց հատվածի բանուկ մասի տուֆապատման աշխատանքները:
ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ ԱՅՐՎԵԼ Է
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնում են, որ օգոստոսի 16-ին հրդեհ է բռնկվել Ոսկեպար գյուղի սահմանապահ դիրքերի եւ ադրբեջանական դիրքերի միջեւ գտնվող չեզոք գոտում, այրվել է այդ տարածքի չոր, խոտածածկ տարածքը։ Այդ կապակցությամբ Ոսկեպարի սահմանգոտի են ժամանել Հայաստանի ԱԻՆ-ի աշխատակիցներ։ Հրդեհն ինքնաբերաբար մարել է՝ չհասնելով եւ վնասներ չպատճառելով հայկական տարածքին։
ՇԵՆՔԸ՝ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայտնի գեղանկարիչ, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, ամբիոնի վարիչ, դոցենտ Համլետ Ասատրյանը «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել իրենց՝ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 2 հասցեում գտնվող, ինը հարկանի շենքի սանիտարական վատթար վիճակի կապակցությամբ։ Այդ շենքի առաջին հարկում է գտնվում «Արարատբանկի» Դիլիջանի մասնաճյուղը: Հայտնի նկարիչը հայտնում է. «Ամիսներ շարունակ շենքը գտնվում է սանիտարական բարձիթողի վիճակում, կոյուղիների վթարված լինելու պատճառով շենքն ամբողջովին գարշահոտությամբ է բուրում, վխտում են տարաբնույթ խայթող մժեղներ, անհնար է առանց շնչուղիները ծածկելու հասնել բնակարաններ: Խնդիրը լուծելու համար շենքի բնակիչներս պատրաստ ենք ֆինանսական որոշակի ներդրում կատարելու»։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում հանգամանալից ներկայացվում են Դիլիջան քաղաքում եւ Դիլիջան խոշոր համայնքի մաս կազմող գյուղերում կատարված եւ կատարվող աշխատանքները՝ առանձնակի շեշտելով այդ աշխատանքներում Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնկատար Դավիթ Սարգսյանի դերը։ Դիլիջանի Գետափնյա փողոցի 2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հակասանիտարական վիճակը պետք է մտահոգի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին եւ համայնքապետարանին: Խնդիրը կարող է լուծվել համայնքապետարանի ֆինանսական միջոցներով, շենքի բնակիչների դրամական ներդրումներով, նաեւ հովանավորների, այդ թվում՝ «Արարատբանկի» ներգրավմամբ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով եւ պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում եւ Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Պետք է հաշվի առնել կոնտեքստը եւ առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝
- ներխուժել են եւ անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում եւ Սյունիքում,
- 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն տարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են (տներ, խոտհարքեր, վարելահողեր արոտավայրեր),
- պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ եւ իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքին եւ առողջությանը, վնաս են պատճառում մարդկանց գույքին եւ կենդանիներին,
- զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ հանցավոր արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին եւ այլն,
- գյուղերի անմիջական հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը,
6 հրահրում են հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցների արդյունքում: Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:
Այս ամենին գումարվում է այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիեմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն: Այս փաստերն ու հիմնավորումները կուղարկվեն միջազգային կառույցներին: