ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ` պարզելու համար, թե առաջիկայում պատրաստվում է արդյոք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

 

-Պարո՛ն Խաժակյան, այս ժամանակահատվածում թիմերը, կարծես թե, պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին: «Լուսավոր Հայաստանը» պատրաստվո՞ւմ է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, թե՞ որոշել եք քաղաքական ժամանակավոր դադար վերցնել:

-Մենք քննարկում ծավալում ենք թիմի եւ տարածքային կառույցների ներսում: Քննարկում ենք հնարավոր թեկնածուներին եւ նաեւ մասնակցության նպատակահարմարությունը: Դեռեւս որոշում չունենք՝ հաշվի առնելով նաեւ, որ դեռ պարզ չէ, թե որ համայնքերում են լինելու ընտրությունները: Թերեւս Վանաձորի մասով, կարծեք թե, իշխանությունը ցանկանում է հետաձգել  դրանք, իսկ Գյումրիի ու մյուս քաղաքաների մասով, որտեղ, կարծում ենք, հնարավոր է թեկնածուներ ունենանք, քննարկումները շարունակում ենք:

-Ինչի՞ հետ են կապված քննարկումները: Կարծում եք, որ իշխանական թեւն ավելի հզո՞ր է, ժողովուրդը դեռեւս նախընտրությունը տալիս է այս իշխանութա՞նը:

-Քննարկում ծավալում ենք մեր հնարավոր թեկնածուների ցուցակների ձեւավորման շուրջ, քաղաքական նպատակահարմարության շուրջ: Հետո նաեւ պետք է հասկանալ, թե տվյալ համայնքներում ներկայացվածությունն ու ներգրավվածությունը ավագանու կազմում ինչ կարող է տալ թե՛ համայքնին, թե՛ կուսակցությանը՝ հաշվի առնելով, որ փոխվել է ընտրակարգը, եւ, ըստ էության, մեծամասնությունը որոշում է ամեն ինչ: Այս իմաստով պայքարը բավականին բարդ է լինելու: Մենք իրատեսորեն քննարկում ենք այս հարցերը, եւ, ըստ այդմ, որոշում կկայացնենք:

-Ի՞նչ է անում այս պահին «Լուսավոր Հայաստան» կուակցությունը: Արդյոք դադա՞ր եք վերցրել, կուսակցությունն արձակուրդի մե՞ջ է: Սեպտեմբերը ձեր կուսակցության համար թե՞ժ է լինելու:

-Մենք կուսակցական, ներկուսակցական աշխատանքները շարունակում ենք: Այն կառույցները, որոնք պետք է վերակազմավորվեն, վերակազմավորվում են: Մեր միջազգային գործընկներների հետ օրերս քննարկումներ ունեցանք տարբեր ծրագրերի շուրջ: Թերեւս հիմնականում աշխատանքները կուսակցաշինական են: Սեպտեմբերից գուցե ավելի արտաքին ակտիվություն դրսեւորվի, բայց ինչպես տեսնում եք, մենք շարունակում ենք մեր դիրքորոշումը հայտնել: Այս առումով որեւէ բան չի փոխվել:

-Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ արտախորհրդարանական ուժերի հետ, որտեղ Էդմոն Մարուքյանը նույնպես մասնակցություն  ունեցավ, բայց հետո այլեւս չմասնակցեց այդ հանդիպումներին: Ինչո՞ւ այլեւս չմասնակցեց հանդիպումներին: Նպատակահարմար չէ՞ր գնալ հանդիպման վարչապետի հետ: Իսկ առաջիկայում շարունակելո՞ւ եք համագործակցել:

-Էդմոն Մարուքյանն առաջին հանդիպմանն էլ ներկա չի եղել եւ դուրս է մնացել այդ ֆորմատով մասնակցությունից, քանի որ դրա արդյունավետությունը գնահատման կարիք ունի: Հաշվի առնելով, որ այն ուժերը, որոնք ներգրավված են այդ ֆորմատում, ունեն բազմաթիվ տարակարծություններ, ու այդ ֆորմատը պարզապես ամիսը մեկ անգամ հանդիպելու եւ ինչ-որ բաներ քննարկելու գուցե նպատակահարմար է այն ուժերի համար, որոնք այլ եղանակներով  իրեն ձայնը լսելի չէին կարողանա դարձնել: Մենք նման խնդիր չունենք, ուստի այլ հարթանկերում շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՆԱԿՆԿԱԼԻ ԵՆ ԵԿԵԼ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում անակնկալի են եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումներից: Բանն այն է, որ իշխանական թեւը տեղյակ չի եղել, որ ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանին Փաշինյանը կրկին հետ կտանի իր նախկին պաշտոնին` անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին: Իշխանական թեւին ասել էր, որ ԱԽՔ պաշտոնից Գրիգորյանը կհեռանա, քանի որ չի տիրապետում իր գործառույթներին, ու հանկարծ հայտնի ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Գրիգորյանը կրկին հետ է տարվում իր պաշտոնին: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ Ազգային ժողովի իշխանական ֆրակցիայում պատգամավորական մի թեւ կա` Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, որ պահանջ է դնում Գրիգորյանին լավագույն պաշտոններում նշանակելու: Ու հասել են նրան, որ Փաշինյանը նորից նրան տարել է իր պաշտոնին, իսկ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանին նշանակել Արտաքին գործերի նախարար: Հավելենք, որ ռուսական կողմը դեմ էր արտահայտվել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արմեն Գրիգորյանին նշանակելու հարցում:

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ

Ռուսաստանի Դաշնության եւ Հունգարիայի Արտաքին գործերի նախարարները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Սերգեյ Լավրովի այցը Բուդապեշտ տեղի կունենա օգոստոսի 24-ին հունգարական կողմի հրավերով: Քննարկում տեղի կունենա երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, մտքերի փոխանակում միջազգային հարցերի, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակի հետեւանքների, ԵՄ-ի հետ հարաբերությունների, Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ:

 

 

ՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ

Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար: Արմեն Գրիգորյանը անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 17-ից մինչեւ այս տարվա հուլիսի 14-ը, երբ նշանակվեց արտգործնախարարի առաջին տեղակալ եւ մինչ օրս կատարում էր նախարարի պարտականությունները: Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար է նշանակվել նախորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

 

 

Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ArmLur.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել մահացած հայտնաբերված զինվորների հրամանատար Արայիկ Մինասյանի հետ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմիններն այս պահի դրությամբ քննություն են իրականացնում հայտնաբերված երեք զինվորների դիերի դեպքի մասով: Պարզվել է շատ կարեւոր մեկ հանգամանք, ինչն իրավապահներին այս պահին ենթադրել է տալիս, որ զինվորներն իրար են կրակել, կամ նրանց մեկ այլ զինվոր է կրակել ու փախուստի դիմել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեք զինվորներին գտել են «դոմիկում», սակայն ուշագրավն այն է, որ զինվորներից մի փոքր հեռու գտնվել է հերթափոխ իրականացնող մեկ այլ ժամկետային զինծառայող, որը ողջ է եւ որեւէ վնասվածք չունի: Ավելին՝ իրավապահները հարցաքննել են նրան: Վերջինս ասել է, որ որեւէ կրակոցի ձայն չի լսել: Ստացվում է, եթե հակառակորդը ներխուժած լիներ, ապա հերթափոխի զինվորը եւս վնասվածք ստացած կլիներ կամ կենդանի չէր լինի, ուստի այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ զինվորների միջեւ է միջադեպ եղել:

Հիշեցնենք նաեւ, որ երեկ՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լեւոն Ռաֆաելի Հարությունյանի եւ 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկությանը անդրադարձել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան: Նա անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Նախարարը Մարդու իրավունքների պաշտանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետեւանք է: Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ՝ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ: Միջադեպի հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս