Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, որն արդեն երկար տարիներ է՝ բնակվում է Փարիզում, այժմ գտնվում է Հայաստանում: Երգչուհին որոշել է իրականացնել իր մանկության երազանքը, ստեղծել նոր բրենդ, որը made in armenia պիտակով կվաճառվի Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես՝ նրա երկրորդ հայրենիքում` Ֆրանսիայում:
ArmLur.am-ը երգչուհու հետ զրուցել է նոր բրենդի ստեղծման, գաղափարի եւ այլ հետաքրքիր մանրամասների մասին:
«Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում եմ Հայաստանում ամուսնուս եւ երեխաներիս հետ միասին. այս անգամ այցիս նպատակը գործնական է։ Հայրենիք եմ վերադարձել մանկությանս երազանքը կատարելու նպատակով, ինչն ի վերջո երկար եւ պատասխանատու աշխատանքից հետո մեզ մոտ ստացվեց։ Ստեղծել եմ կանացի հագուստի արտադրություն՝ «ստեղծվել է Հայաստանում» պիտակով, որը վաճառվելու է միայն Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես` իմ երկրորդ հայրենիքում` Ֆրանսիայում, եւ այլ երկրներում նույնպես, որոնց մասին դեռեւս խոսել չեմ կարող»,-ուրախությամբ նշում է երգչուհին եւ հավելում, որ վերջապես զբաղվելու է այն գործով, որի մասին միշտ է երազել։
Արեւիկ Ալավերդյանի համար սեփական բրենդ ստեղծելը եղել է նախ մանկության երազանք, իսկ հետո՝ նպատակ: Թեեւ դեռ բրենդի անունը հայտնի չէ, բայց խոստանում է շուտով հայտնել։
«Երբեք չէի մտածի, որ կարող եմ նման մասշտաբների արտադրություն ունենալ, բայց զգալով, որ արդեն պահը հասունացել է, առանց երկար-բարակ մտածելու սկսեցի աշխատել, իհարկե, շատ լավ ծնար ու թեթեւ անելուց հետո, թե ինչի մեջ եմ մտնում, եւ այն ինչ ռիսկեր է իր մեջ պարունակում։ Աշխատել ենք գիշեր֊ցերեկ մեծ ծավալով՝ հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու, եւ մենք հաղթահարելու ենք ցանկացած բարդություն։ Բրենդի հիմնադիրը, սեփականատերը ես եմ, բայց ինձ հետ թիկունքում աշխատել եւ աշխատում է մի մեծ թիմ, որի համար շատ շնորհակալ եմ, շնորհակալ եմ նաեւ իմ ամուսնուն, առանց որի չէի կարողանա կատարել երազանքս»-պատմում է նա։
Մեր զրուցակցի խոսքով` արտադրվելու են դեռեւս միայն կանացի նորաձեւ հագուստներ, եւ միանգամից մուտք են գործելու աշուն֊ձմեռ հավաքածուով. «Հավաքածուն իր մեջ ներառում է կանացի ազատ ոճի հագուստ, վերարկուներ, տաբատներ, պիջակներ եւ այլն, լինելու է բավականին մեծ տեսականի, որից հետո կլինի գարուն֊ամառ հավաքածուն, այսինքն` կրելու է շարունակական բնույթ»։
Իսկ թե ինչով է տարբերվելու եւ առանձնանալու բրենդը, Արեւիկն ընդգծում է, որ առաջին նախապայմանը եղել է հենց այն, որ պետք է մրցեն շուկայում շատ հայտնի բրենդների հետ։
«Պետք է մրցենք աշխարհում մեծ ճանաչում ունեցող բրենդների հետ հիմնականում գնային մասով, իսկ որակի մասին ավելորդ եմ համարում խոսել քանի որ կարող է անգամ մի քանի անգամ գերազանցել, ինչի համար մեր առջեւ ի սկզբանե խնդիր էինք դրել ստեղծել այնպիսի նախագիծ, որ հանգիստ կարողանանք նման բարձր բրենդների հետ հայտնվել նույն շուկայում»։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ռեփեր Քանյե Ուեսթը փաստաթղթեր է ներկայացրել, որպեսզի իր անունը պաշտոնապես փոխվի բեմական անվան՝ Յե (Ye)-ի։ 44-ամյա երգիչը ցանկանում է, որ Քանյե Օմարի Ուեսթի փոխարեն իրեն Յե անվանեն՝ դա բացատրելով «անձնական պատճառներով»։ Ինչպես նշում է հրատարակությունը, այդ գաղափարը կյանքի կոչելու համար, նահանգի օրենքներով, դատավորը պետք է հայտարարության տակ դնի իր ստորագրությունը, եւ որոշ դեպքերում նոր անունը պետք է հրապարակվի մի քանի թերթերում: Ye-ն Ուեսթի վաղեմի մականունն է, ինչպես նաեւ 2018 թվականին թողարկված երաժշտի ութերորդ սոլո ալբոմի անվանումը: Պարբերականը նաեւ նշում է, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դեռեւս ամուսնու ազգանունով է (Kimberly Noel Kardashian West):
ԱՌԱՋԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Մադրիդի «Ռեալը» Փարիզի ՊՍԺ-ին առաջին առաջարկն է արել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցով: TF1-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արքայական ակումբն առաջարկել է 160 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել: Մբապեի ապագան դեռ հարցականի տակ է ֆրանսիական ակումբում: ՊՍԺ-ում սպասում են, որ «Ռեալը» նոր առաջարկ կանի մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մբապեն ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: ՊՍԺ-ի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը: Ֆրանսիայի նախորդ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 31 խաղի, դարձել 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
«ԱՐՍ ՄՈՒԶԻԿԱ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Թյուրինգիայի արական «Արս Մուզիկա» երգչախուբը համերգային ծրագրով օգոստոսի 21-ին հանդես է եկել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Գերմանական երգչախումբը անվանի ստեղծագործողների երկերի կողքին իր երգացանկում ներառել է նաեւ Կոմիտաս Վարդապետի ու Մակար Եկմալյանի հոգեւոր երգերը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝ պատահական չէ, որ թանգարանը հիմնադրման օրվանից ակտիվ համագործակցում է գերմանական մշակութային շրջանակների հետ՝ կազմակերպելով համերգներ, արխիվային ուսումնասիրություններ, գիտական կոնֆերանսներ։
Կոմիտասը հայ-գերմանական բարեկամության խորհրդանիշներից է, եւ վարդապետի անունը կրող թանգարանի ու գերմանական գիտական-մշակութայնին կառույցների գործակցությանը մեծապես նպաստում են երկու պետություններում դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ի դեմս արտակարգ եւ լիազոր դեսպանների, նաեւ Երեւանում Գյոթեի կենտրոնի։ «Առանձնահատուկ պետք է նշեմ Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում միջազգային գիտաժողովները Բեռլինում ու Հալլեում, Բեռլինի ազգային գրադարանում ցուցահանդեսը եւ համերգը։ Ուրախ ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հյուրընկալելու «Արս մուզիկա» երգչախմբին: Վստահ եմ՝ այս համերգը կլինի սկիզբ՝ միտված ապագա սերտ համագործակցությանը»,- նշել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մայկ Գրուխենբերգի խոսքով՝ մեծ պատիվ է երգել թանգարան-ինստիտուտում, որը խորհրդանշական իմաստով Կոմիտասի տունն է։ «Շնորհակալ ենք թանգարան-ինստիտուտին հյուրընկալության եւ այս ջերմ հարկի տակ ներկայանալու հնարավորության համար։ Մենք հայ ժողովրդի կողքին էինք 1988թ. ավերիչ երկրաշարժի օրերին՝ փորձելով երաժշտության միջոցով սփոփել ցավը։ Արդեն 33 տարի զգացմունքային թելերով կապված ենք այս երկրի ու ժողովրդի հետ։ Ձեր առջեւ կանգնելը եւ ձեզ համար երգելը մեծ պատիվ է մեզ համար»,- նշել է «Արս մուզիկա» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը։
Թյուրինգիայի արական «Արս մուզիկա» երգչախումբը Հայաստանում է համերգային շրջագայությամբ։
Ծրագրի իրականացմանը նպաստել են Գերմանիայում Հայաստանի եւ Հայաստանում ԳԴՀ դեսպանությունները։