«ՄԵՆՔ ԼԱՎ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՈՒՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է  «Վարդապետի լռություն», «Փախիր կամ ամուսնացիր», «Լռության ձայնը», «Որբություն» եւ շատ այլ ֆիլմերի օպերատոր Արթուր Ուստյանը։ Ի դեպ, օրերս ավարտվել են «Սեւազգեստ կանայք» ֆիլմի նկարանհանումները. Արթուրը բեմադրող օպերատորն էր:

 

-Արթո՛ւր, ի՞նչ կարծիք ունեք հայկական կինեմատոգրաֆի ներկայիս վիճակի մասին։

-Երեսուն տարվա ճահճացումից հետո հայկական կինոն իրեն վերագտնելու փորձեր է անում, սակայն դա այդքան էլ չի ստացվում նաեւ այն պատճառով, որ կինոարվեստը եւ կինոյի կառավարման մեխանիզմները անուշադրության են մատնված մեր պետության կողմից, իսկ հաճախ պետական աջակցություն են ստանում նախագծեր, որոնց գեղարվեստական արժեքը վիճելի են։ Կինոարվեստի ուժն ու կարողությունը հավուր պատշաճի չի գնահատվում, եւ դա ցավալի է, քանի որ այն կարող է մեր երկիրը ավելի երեւելի ու գրավիչ դարձնել։ Եթե մեր ֆիլմերը հաճախակի ներկայացվեն աշխարհի խոշոր կինոփառատոններում՝ այնպիսիք, ինչպիսիք են Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Ռոտերդամի, Սանդենսի կամ Կարլովի Վարիի կինոփառատոնները, Հայաստանի մասին կխոսվի ու կտպագրվի ոչ միայն որպես պատերազմող երկրի, կամ տնտեսական ու քաղաքական ճգնաժամի կոնտեքստում, այլ մասսայական լսարանին կներկայացվի հայկական ժամանակակից արվեստը, բնությունը, տեսարանները, մարդիկ, ավանդույթները, ինչու ոչ, նաեւ մեր հասարակության մեջ եղած խնդիրները, որոնք շատ անգամ համամարդկային են։

-Որպես կինոօպերատոր՝ Ձեզ Հայաստանում ռեալիզացված զգու՞մ եք։

-Ինձ բախտ է վիճակվել հետաքրքիր ու տաղանդավոր ռեժիսորների հետ աշխատել: Անչափ շնորհակալ եմ նրանցից, որ ժամանակին հավատացին երիտասարդ շրջանավարտին եւ վստահեցին իրենց ֆիլմերը։ Այսօր, երբ արդեն նկարահանել եմ մի քանի լիամետրաժ ֆիլմ, տասնյակ կարճամետրաժներ եւ շատ ու շատ տեսահոլովակներ ու գովազդներ, փնտրում եմ կինոնախագծեր, որոնց շրջանակում կկարողանամ լիովին ռեալիզացնել իմ օպերատորական ու գեղագիտական ֆանտազիաները։ Կուզենայի համարձակ լուծումներից չվախեցող ռեժիսորների հանդիպել, որոնց համար պատկերը նույնչափ կարեւոր է, որքան դերասանի խաղը, սցենարը կամ ձայնի դիզայնը։ Իհարկե,  նախագիծ ընտրելիս առաջնորդվում եմ սցենարով, եւ, ցավոք, հիմա արդեն լինում են առաջարկներ, որոնցից ստիպված եմ լինում հրաժարվել։ Մենք լավ սցենարների պակաս ունենք Հայաստանում, իսկ առանց ուժեղ պատմության, ոչ մի օպերատորական գաղափար հնարավոր չէ իրականացնել:

-Սովորաբար ֆիլմը քննարկելիս հիշատակվում է դերասանի, ռեժիսորի անունը, սակայն օպերատորի աշխատանքը, որն, ի դեպ, ամենակարեւորն է, հաճախ ստվերվում է։ Դա կարծես նման է արարչագործության, տեսնում ես արդյունքը, չես տեսնում արարողին. համաձա՞յն եք։

-Օպերատորի աշխատանքը հնարավոր չէ չտեսնել։ Կարծում եմ, որ բարձրորակ օպերատորական աշխատանքի մասին խոսվում է, մարդիկ հետաքրքրվում են, թե ով է այն նկարել։ Օպերատորները շատ անգամ իրենց ընտրությամբ են մնում ստվերում, քանի որ նրանք ռեժիսորների կամ դերասանների նման չեն հանրայնացնում իրենց աշխատանքը կամ իրենց անձը։ Բայց, այո, եթե վերցնենք ցանկացած կինովերլուծություն կամ ֆիլմի հիշատակում նորություններում, ապա հիմնականում նշվում են ռեժիսորի կամ դերասանների անունները։ Դա էլ այս մասնագիտության մի մասն է։

-Հայաստանում կինոօպերատորական  «շկոլա» գոյություն ունի՞։ Օրինակ՝ Լեւոն Աթոյանցի պես անհատներին հնարավորություն տրվե՞լ է գիտելիքի փոխանակում իրականացնել։

-Լեւոն Աթոյանցը հայ կինոյի լավագույն օպերատորներից մեկն է, սակայն «շկոլա» ասվածն, իմ կարծիքով,  այսօր այդքան էլ ակտուալ չէ` ելնելով մեր կինոյի այսօրվա իրավիճակից։ Դա կարող էր լինել, եթե մեր վարպետների սաները  իրենց լիովին դրսեւորելու հնարավորություն ունենային։ Այսօր այդ հնարավորությունը չկա, քանի որ կինոարդյունաբերությունը շղթայական պրոցես է, եւ եթե այդ շղթայից որեւէ մաս շարքից դուրս է գալիս, դա ազդում է նաեւ մնացած կինոմասնագիտությունների վրա։

-Ի՞նչ կարծիք ունեք Հայ ազգային կինոկենտրոնի գործունեության մասին։ Կինոօպերատորների համար հետաքրքիր ծրագրեր, արտերկրի հետ համագործակցության հնարավորություններ կա՞ն։

-Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքները գնահատվում են այն ֆիլմերով, որոնք այդ կառուցը ֆինանսավորում է։ Դա ավելի փորձագետների ու մասնագետների գնահատելու գործն է։ Ինչ վերաբերում է ծրագրերին, դրանք ինձ չեն հանդիպել, կամ ես դրանց մասին չգիտեմ։ Իսկ կինոկրթությունը, առհասարակ, իմ համոզմամբ, բարեփոխումների կարիք ունի։ Այն համակարգը, որը գոյություն ունի այսօր կինոկրթության  ոլորտում Հայաստանում, վաղուց հնացել է եւ արդյունք գրեթե չի տալիս։

-Ապագայի Ձեր ծրագրերը Հայաստանի՞, թե՞ արտերկրի հետ են կապված։ Ի՞նչ կինո եք երազում նկարել։

-Երազում եմ շարունակել ապրել ու նկարահանել ֆիլմեր Հայաստանում, բայց տեսնելով այս ճահճացած վիճակը` հիմա փնտրում եմ նաեւ նախագծեր արտերկրում՝ գոնե մասնագիտության մեջ զարգանալու եւ ժամանակին ընդառաջ շարժվելու համար:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թվիթերյան գրառումով մեկնաբանել է Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզից» կրած 1։2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։ «Այն արդյունքը չէ, որն ակնկալում էինք, բայց հիմա որակով վերականգնվելու ժամանակն է։ Կկենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա»,- գրել է Ռոնալդուն։ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում սեպտեմբերի 29-ին կընդունի իսպանական «Վիլյառեալին»։ Անգլիայի առաջնության 5-րդ տուրում սեպտեմբերի 19-ին մանչեսթերյան թիմն արտագնա հանդիպում կանցկացնի «Վեստ Հեմի» հետ։

 

 

«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0։3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։ «Մենք ունեինք հասանելի երեք հարձակվող։ Մարտավարության տեսանկյունից եղան հատվածներ, երբ մենք վերահսկում էինք խաղը։ Հիմա իրադրությունն այսպիսին է։ Ես չեմ կարող դժգոհել գործի նկատմամբ մեր ֆուտբոլիստների վերաբերմունքից, բայց կա թիմերի որակների տարբերություն։ Մեր կազմում շատ են երիտասարդները, որոնք երկու-երեք տարի հետո կլինեն ավելի լավը։ Շատ դժվար է ընդունել այս վիճակը, սակայն պետք է սպասել՝ երբ իրավիճակը կշտկվի, եւ կվերադառնան վնասվածքներ ունեցողները։ Մեր երկրպագուները ֆենոմենալ էին։ Կարծում եմ՝ նրանք ըմբռնումով մոտեցան դրությանը»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն։ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Բարսելոնան» սեպտեմբերի 29-ին կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային»։

 

 

ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ «ԱԼԵՔՍ» ԹԱՏՐՈՆՈՒՄ 

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում։ Ժապավենում իրադարձությունները զարգանում են 2016թ-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու ցանկությամբ։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։ Նա անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992թ.-ին Թալիշի անկման օրը գերի է ընկել։ Այդ ժամանակ Ռոբերտը չի փորձել գերությունից փրկել հերուսուհու հորը, միայն վերցրել է լուսանկարները, որոնք արվել են մարտի դաշտում։ Դրանք ներկայացնելով որպես սեփականը՝ նա համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել։

 

 

 




Լրահոս