Հոկտեմբերի 1-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, մշտադիտարկման, վերլուծական և հետազոտական բաժնի պետ Մարինա Սիմոնյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Պաշտպանության բանակում կանանց ներգրավվածության խթանումը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Միջոցառման նպատակն էր քննարկել կանանց զինվորական ծառայության առնչվող հարցերը և նախորոշել պաշտպանության բանակում կանանց զինվորական ծառայության առավել արդյունավետ ուղղությունները, խթանել բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման գործում նրանց մասնակցությունը:
Քննարկման ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչը՝ որպես զեկուցող, ներկայացրել է կին զինծառայողների իրավունքների արդյունավետ ապահովման ու պաշտպանության երաշխիքները, ինչպես նաև հանդես եկել կին զինծառայողների իրավունքների արդյունավետ ապահովմանն ու պաշտպանությանն ուղղված մի շարք առաջարկություններով, որոնց կիրարկումն էապես կնպաստի ԶՈՒ-ում զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը: