Գորիսի քաղաքպետի տեղակալի գործը մտավ դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը քննելու է դատավոր Բորիս Բախշիյանը: Ըստ նախաքննական մարմնի՝ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ և կառավարչական գործառույթներով, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հարկադրել է նախընտրական քարոզչությանտ ապահովել 80 անձի մասնակցություն:
Բացի այդ, Մենուա Հովսեփյանը որպես ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, միևնույն ժամանակ հանդիսանալով տեղական ինքակառավարման մարմնում առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառությներ իրականացնող պաշտոնատար անձ, այն է՝ հանդիսանալով Գորիսի համայնքապետարանի Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ, նույն համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Իրինա Յոլյանի, հանձնաժողովի անդամներ Արմինե Չոփչունցի և Սուսաննա Մկրտչյանի հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորություններն, ինչի արդյունքում Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի՝ 3200000 ՀՀ դրամի էական վնաս:
Բացի այդ, Մենուա Հովսեփյանը որպես ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ և կառավարչական գործառույթներով, պաշտոնեական դիրքը օգտագործմամբ առերևույթ կատարել է իրեն վստահվախ համայնքի բյուջետային միջոցներից զգալի չափերի՝ 100000 ՀՀ դրամի վատնում:
Մենուա Հովսեփյանի հետ միասին մեղադրյալի աթոռին են հայտնվել Իրինա Յոլյանը, Արմինե Չոփչունցը, Սուսաննա Մկրտչյանը:
Ք.Մ