ԱՄՆ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ 3+3 ՖՈՐՄԱՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը «կառուցողական բանակցություններ» է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակներում: «Նախագահը հստակորեն հայտնել է Թուրքիայի հետ կառուցողական հարաբերություններ կառուցելու եւ մեր տարաձայնությունները հաղթահարելու արդյունավետ ճանապարհ գտնելու իր ցանկությունը»,- լրագրողներին ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

 

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում եւ Հարավային Կովկասում, ինչպես նաեւ կլիմայական խնդիրները եւ ամերիկյան F-16 կործանիչներ վաճառելու Թուրքիայի պահանջը։ Հիշեցնենք, որ ամերիկացի օրենսդիրները Բայդենին հորդորել են կործանիչներ չվաճառել Թուրքիային՝ ասելով, որ Անկարան իրեն «հակառակորդի պես է պահում»։

Հիշեցնենք, որ 2020 թ. դեկտեմբերին՝ Արցախում Հայաստանի դեմ ռուս-թուրքական ռազմական արշավի ժամանակ, նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Փորձագետներն այն ժամանակ հայտարարեցին, որ ԱՄՆ-ն «վերադառնում է տարածաշրջան»: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչ են խոսել Բայդենն ու Էրդողանը Հարավային Կովկասի մասին։

Մասնավորապես, ԱՄՆ-ին Ֆրանսիայի հետ միասին հաջողվել է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, հանդիպում անցկացնել Նյու Յորքում, թեեւ Մոսկվան եւ Բաքուն պնդում են Մինսկի խմբի «մարդասիրական օրակարգը»: Անցած տարվա ընթացքում եղել են ԱՄՆ-ի վերադարձի մի քանի ցուցիչեր՝ բացահայտ եւ լատենտ:

Մինչ այդ տարածաշրջան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերը, որից հետո մեկնարկել է «վրացական միջնորդության» գործընթացը. ԱՄՆ միջնորդությամբ վերադարձվել են 15 գերիներ, իսկ Վրաստանի վարչապետը հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին (այսինքն՝ ռուս-թուրքական ձեւաչափից դուրս)։ Այնուհետեւ Էրդողանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն փոխանցել է հանդիպման առաջարկ։

Մեկ այլ ցուցիչ էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ այն ժամանակ, երբ, ըստ որոշ աղբյուրների, հավանական էր Հայաստանի հարավի «կամավոր-պարտադիր» հանձնումն ու միջանցքի բացումը։ Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին, ինչը ենթադրում է միջանցքի բացառումը։ Իրանի կոշտ արձագանքի հետ մեկտեղ ԱՄՆ դիրքորոշումը կարող էր կանխել անշրջելի քայլերը։

Մեկ այլ ցուցիչ է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի այցը տարածաշրջան, որը Թբիլիսիում հայտարարեց, որ ԱՄՆ-ն մերժել է Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջարկած 3 + 3 հարթակը, որն իրականում ունի 3-2 հավասարումը (հանած Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան):

Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանը բացասաբար է վերաբերվում Հարավային Կովկասում «վեցյակի հարթակ» ստեղծելու գաղափարին։ «Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան եւ Հայաստան. եկեք վեցհոգանոց համատեղ քայլ անենք եւ խաղաղություն հաստատենք տարածաշրջանում։ Այդ կապակցությամբ պարոն Իլհամ Ալիեւն արդեն առաջարկություն է արել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության վերաբերյալ։ Վրաստանի կողմից կա որոշակի բացասական վերաբերմունք, բայց եթե բոլորը դրական մոտեցում ցուցաբերեն, այդ հարթակը կստեղծվի, եւ տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- ասել է Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Ն.Հ.

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանել առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը: Արդարադատության նախարարությունը որոշել է, որ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների պաշտոնները «առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող» են: Սա դեռ ամենը չէ. ArmLur.am-ը տեղեկացավ, որ, այս առանձնահատկություններով պայմանավորված, աշխատավարձից բացի, կտրվեն հավելումներ՝ աշխատավարձի 100-120 տոկոսի չափով: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձերը շեշտակի կբարձրանան: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համար սահմանել հավելում ՝ 95 տոկոսի չափով, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համար` 100 տոկոս, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի համար (հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող)՝ 120 տոկոս:

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող) հավելման չափը կսահմանվի 90 տոկոս, իսկ դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը` 100 տոկոս: Ի դեպ, այս հավելումները նրանք ստանալու են յուրաքանչյուր ամիս աշխատավարձի հետ միասին: Նշենք, որ այս նախագիծն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հայտնվել է նոյեմբերի 1-ին, այս ընթացքում հավաքել է 1 «կողմ» եւ 1 «դեմ»:

 

 

ՆԻՍՏԸ  ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում երեկ վերսկվել են ԵԴ/0253/01/19 գործով լսումները։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։ Ինչպես տեղեկացրել է պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։ Նրա մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, եւ նա թեստ է հանձնել։ Պաշտպանը նաեւ նշեց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Քոչարյանը պետք է ներկայանա, 15 րոպեի ընթացքում նա կներկայանա նիստին։  Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչեւ նոյեմբերի 9-ը։

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Երեւանում հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները խուլիգանություն կատարելու կասկածանքով Խորենացի փողոցում գործող Անգլիական այգուց ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի անչափահասների։ Այդ երեխաներն են Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Նարեկ Ս-ն, Երեւանի բնակիչ 16-ամյա Հայկ Մ-ն, Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Վոլոդյա Մ-ն, Երեւանի բնակիչ 17-ամյա Ռաֆայել Պ-ն, Երեւանի բնակիչ 17-ամյա Հրաչ Խ-ն, Երեւանի բնակիչ 17-ամյա Անի Չ-ն, եւ ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել Երեւանի բնակիչ 15-ամյա Դանիել Հ-ին, Երեւանի բնակիչ 14-ամյա Դավիթ Գ-ին, Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Արսեն Բ-ին, Երեւանի բնակիչ 15-ամյա Սամվել Ս-ին։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, նշված վայրում Հրաչ Խ-ն եւ ոմն Հովո Անի Չ-ին ծաղրելու հարցի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ խախտելով հասարակական կարգը՝ հրմշտել, հարվածել են միմյանց՝ պատճառելով վնասվածք։

 

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ

Շաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված Covid 19-ի հաղթահարմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, ինչպես նաեւ հանրային սննդի օբյեկտներում: 26 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 4-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաեւ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր: Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 

 

10 ԱՆԳԱՄ ՉԸՆՏՐՎԵՑ

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունից կրկին առաջադրվել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորներ ներկա չէին նիստին: Քոչարյանը նշել է, որ եթե խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ, ինքը հարց կտար նրան, այնուամենայնիվ, նա հնչեցրեց իր հարցը: «Պարոն Օհանյան, սա Ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը: Այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է: Մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք»,-ասել է նա: Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Անդրանիկ Քոչարյանն Օհանյանին առաջարկել է նոր թեկնածու առաջադրել:

 




Լրահոս