Ավելի քան 2 շաբաթ առաջ «Հետք» լրատվականը «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ» վերտառությամբ հրապարկում էր տպագրել: Լրատվականը գրել էր, որ Սարգսյանը 7.5 մլն եվրոյով երկու միավոր անշարժ գույք ձեռք էր բերել VH Estate ընկերության անունից, ինչը 2010-ին հիմնել են Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանն ու վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը: Աղբյուրի պնդմամբ՝ վերոնշյալ ընկերությունն իր տեսակով քաղաքացիական ընկերություն է, ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե վերոնշյալ հրապարակման մասով ինչ մեկնաբանություն ունի նախագահ Արմեն Սարգսյանը: Ի պատասխան մեր հարցմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից արձագանքել են. «Արմեն Սարգսյանը նախկինում զբաղեցրել է VH Estate ընկերության ոչ կոմերցիոն տնօրենի չվարձատրվող պաշտոնը, որից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է 2018 թվականին: Ինչ վերաբերում է այդ թեմայի շուրջ մամուլի հրապարակումներին, ապա դրանցում նշված տեղեկությունները բնավ գաղտնի չեն, ընդհակառակը՝ հրապարակային են եւ հասանելի բաց աղբյուրներում»: Ստացվում է՝ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն չի հերքում, որ զբաղեցնելով քաղաքական (ոչ կոմերցիոն) բնույթի կազմակերպության տնօրենի պաշտոնը՝ անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի կենտրոնում, այլեւ չի հերքում դրանց արժողության (գնի) մասին տեղեկությունը: Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում նման իրավիճակում:
Նոյեմբերի 25-ին խորհրդարանում անցկացվելու են խորհրդարանական լսումներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանական լսումները նվիրված են լինելու ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմային: Բանն այն է, որ ընդդիմադիր խմբակցությունը նոյեմբերի 19-ին է շրջանառության մեջ դրել այդ թեմայով նախագիծը: Մասնավորապես, նրանք առաջարկում են նախագծով ամրագրել, որ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը: Բացի այս, նրանք կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջները, իսկ արդեն միջազգային կազմակերպություններին եւ բարեկամ երկրներին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքը:
Իրավական ոլորտում հետաքրքիր իրավիճակ է տիրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կալանավորված նախկին պաշոնատար անձանց մասով շատերի երկամսյա կալանքի ժամկետները լրանում են: Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինները մեծ ջանքեր են գործադրում միջնորդություններ ներկայացնել դատարան, որպեսզի կալանքների ժամկետները երկարացվեն: Եվ նույնիսկ մասնագիտական շրջանակները ենթադրում են, որ մինչեւ հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաները կշարունակեն մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ավելին, չի բացառվում՝ առաջիկայում այլ աղմկահարույց կալանավորումներ եւս լինեն, որոնց նպատակը մեկն է՝ շեղել հասարակության ուշադրությունը՝ սպասվելիք փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ:
Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաեւ տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով: Օրինակ՝ մոխրագույն տուփով «Արարատ» տեսակի սիգարետի գինը բարձրացել է 60-70 դրամով. օրեր առաջ այն 730 դրամ էր, այժմ վաճառվում է 790-800 դրամով: Տեղական արտադրության մեկ այլ տուփով «Արարատ» ծխախոտը 740 դրամից թանկացել է՝ դառնալով 790 դրամ: ՀՀ ներմուծվող ծխախոտի գինը բարձրացել է 10-20 դրամով: Օրինակ՝ Winston սիգարետի գինը 570 դրամից բարձրացել է՝ դառնալով 580 դրամ, սուպերմարկետ կա, որտեղ այն 600 դրամ է: Camel-ը 5 դրամով է բարձրացել, Monte Carlo-ն թանկացել է 10 դրամով. այն 400 դրամից դարձել է 410 դրամ: Ի դեպ, սիգարետի շուկայում ոչ միայն օրեր առաջ են գնային փոփոխություններ տեղի ունեցել, այլ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ծխախոտային արտադրատեսակների 0.5 տոկոս գնաճ: