Համոզիչ չէ ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը (մանրամասն հիմնավորումներ)։
Խոսքը, մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումներից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և գերությունից վերադառնալուց հետո Հայաստանում ազատությունից զրկված ՀՀ զինծառայողների մասին է:
Այս հայտարարությունը հիմնված է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում նշված զինծառայողների, փաստաբաններից մի քանիսի հետ դեկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության ու համադրման վրա՝ հաշվի առնելով գերեվարման հանգամանքները և գերիների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային գործիքակազմը:
Ըստ այդմ, այս եզրահանգման հիմքում են՝
1) Նշված զինծառայողներին վերագրվող արարքների, ինչպես նաև նրանց գերեվարման հանգամանքների ուսումնասիրությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում. դրանք չեն հրապարակվում, բայց գրությամբ կներկայացվեն քրեական հետապնդման մարմնին:
2) Քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների այն հրապարակային հայտարարությունները, որոնցով արվել են պնդումներ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, նրանց արարքներում հանցագործությունների հատկանիշների առկայության մասին:
Բացի այն, որ նման հայտարարությունները խախտում են մարդու իրավունքները և չեն բխում օրենքից, առանցքային է, որ դրանք արվել են մինչև զինծառայողների վերադարձը ադրբեջանական գերությունից և ունեցել են կանխակալ բնույթ: Ընդ որում, դրանք լայն տարածում են ստացել հայաստանյան և միջազգային լրատվամիջոցներում:
Նշված հրապարակային հայտարարությունները խախտել են ՀՀ գերեվարված զինծառայողների անմեղության կանխավարկածի իրավունքը՝ որպես արդար դատաքննության հիմնարար բաղադրատարր:
Դրանք խնդիրներ են ստեղծել քրեական հետապնդման համար. առաջացրել են քրեական գործ քննող մարմինների վրա օրենքով չնախատեսված ազդեցության ակնհայտ չփարատված կասկածներ:
Այդ պնդումները ստեղծել են նաև կանխակալ պատկերացումներ հայաստանյան հասարակությունում և միջազգային հանրության տարբեր շրջանակներում նշված զինծառայողներին վերագրվող հանցանքներում նրանց մեղքի հաստատված լինելու առնչությամբ:
Ուստի, քրեական դատավարության հետ կապ չունեցող բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունները քրեական հետապնդում իրականացնող մարմնի և կալանքի հարցերը քննող դատարանների համար առաջ են բերել կալանավորումների իրավաչափության հաստատման բարձր շեմ՝ առավել համոզիչ կերպով ու բարձր չափանիշով ցույց տալու, որ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումն ու առավել ևս նրանց կալանավորումները չեն արվել գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունների ազդեցության ներքո: Դա անհրաժեշտ է անել նաև հրապարակային՝ հաշվի առնելով հարցի լայն հանրային հետաքրքրությունը և միջազգային լայն արձագանքները:
Այս պահի ուսումնասիրությունները վկայում են, որ հիշյալ կալանավորումների իրավաչափությունն այդ շեմը չի բավարարում:
3) Առկա են բազմաթիվ ապացույցներ առ այն, որ ադրբեջանական Զինված ուժերը, իրավապահ մարմինները և այլ ծառայողներ հայ գերիների նկատմամբ գործել են տարբեր հանցանքներ: Դրանից բացի, ադրբեջանական իշխանությունները, գերիների իրավունքների միջազգային կանոնների խախտմամբ, արհեստական ձգձգել են և շարունակում են ձգձգել գերիների հայրենադարձությունը՝ նաև նրանց ընտանիքներին պատճառելով հոգեկան տառապանքներ:
Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն այն մասին, թե ՀՀ քրեական հետապնդման մարմինն ինչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ զինծառայողների իրավունքների խախտումների, այն է՝ նշված հանցանքների մեջ մեղավոր անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղղությամբ:
4) Պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե քրեական քաղաքականության ինչ կանոններ են հիմք ընդունվում գերությունից վերադարձած զինծառայողներին կալանքի միջնորդություններ ներկայացնելու հարցում և ինչու հատկապես 2021թ. նոյեմբերի 14-ին ու 16-ին գերեվարված զինծառայողների համար ներկայացվեցին կալանքի միջնորդություններ, որոնք անմիջապես հաջորդեցին գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո:
5) Ստեղծված իրավիճակում պետք է պարզաբանվի նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկել քրեական հետապնդման մարմինը գերությունից վերադարձած ու կալանավորված ՀՀ զինծառայողների ռեաբիլիտացիայի ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշված զինծառայողներից բացի, ՔԿՀ-ներում դեկտեմբերի 14-ին առանձնազրույցներ է ունեցել նաև այն զինծառայողների հետ, որոնք կալանավորվել են՝ կապված նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումների հետ, բայց չեն գերեվարվել: Նրանց իրավունքների հարցով նույնպես գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին:
Հատուկ նշում եմ, որ այս հայտարարությունով քրեական հետապնդման մարմինների կողմից նշված հարցերով քրեական գործեր կամ քրեական հետապնդումներ հարուցելը կամ չհարուցելը կասկածի տակ չի դրվում. այն վերաբերում է գերությունից վերադարձած 4 զինծառայողներին ազատությունից զրկելու, այն է՝ կալանավորելու իրավաչափությանը։