Դատական օրենսգրքի ու ՍԴ օրենքի փոփոխությունների նախագծերը խնդրահարույց են․ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի լուծումները։

Նախագծերով, մասնավորապես, նախատեսվում է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատավորի և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող անհամատեղելիության պահանջների խախտում համարել նաև այդ սուբյեկտների կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը (…): Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ՝ օրենսդրական նման կարգավորումները խնդրահարույց են. ի թիվս այլ հիմնավորումների, նախագծային առաջարկվող լուծումները շեղվում են դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջների էությունից:

Այդ պահանջները սահմանված են Դատական օրենսգրքով, որի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Այսինքն՝ դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջներն իրենց բնույթով դատավորի մասնագիտական գործունեությունից դուրս այլ գործունեությամբ զբաղվելու արգելքներ են: Այս առումով, հարկ է նկատել, որ անհամատեղելիության պահանջների այնպիսի շրջանակ նախատեսելը, որը վերաբերում է դատավորի՝ միայն իր մասնագիտական գործունեությունից դուրս այլ գործունեությամբ զբաղվելու արգելքներին, համահունչ է նաև միջազգային-իրավական մոտեցումներին: Նախագծային լուծումներով առաջարկվող կարգավորման վերաբերյալ հաջորդ մտահոգությունը վերաբերում է ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված խախտման «միտումնավոր» բնույթին: Դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը լուծում է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական դատարանը: Նշվածից անմիջականորեն հետևում է, որ խախտումը «միտումնավոր» պետք է որակեն հենց այդ մարմինները, ինչն առաջ է բերում մի շարք չփարատված հարցեր (օրինակ՝ ԲԴԽ-ն և ՍԴ-ն ի՞նչ ընթացակարգով և ի՞նչ չափանիշների հիման վրա են թույլ տրված խախտումները որակելու որպես միտումնավոր, մարդու հիմնարար իրավունքի խախտում արձանագրվելու դեպքում ՀՀ եռաստիճան դատական բոլոր ատյաններով անցած գործը քննած դատավորներից կոնկրետ ու՞մ լիազորություններն են ենթակա լինելու դադարեցման անհամապատասխանության պահանջները խախտելու հիմքով, ինչպե՞ս է որոշվելու արձանագրված խախտման մեջ կոնկրետ դատավորի (այդ թվում՝ կոլեգիալ կազմով գործած դատական կազմի) «մեղքի բաժինը» և այլն):

Մյուս կողմից, նախագծային լուծումներով ԲԴԽ-ին և ՍԴ-ին վերապահվում են քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ գնահատական տալու և իրավական հետևանքներ առաջացնող որոշումներ կայացնելու իրավասություն, քանի որ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով միտումնավոր խախտում կատարած լինելու փաստի արձանագրումն ինքնին կվկայի ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված հանցանքի՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացված լինելու մասին, ինչը, սակայն, քրեական վարույթի շրջանակներում հաստատման ենթակա հանգամանք է: Բացի վերոնշյալից, նախագծերով առաջարկվող կարգավորումն անուղղակի հակասության մեջ է գտնվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման հետ, որի համաձայն՝ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Ստացվում է, որ օրենսդրական նոր լուծումներով շրջանցվում է Դատական օրենսգրքով արդեն ամրագրված արգելքները, ինչն անթույլատրելի է։ Այս ամենից բացի,Նախագծերի ընդունման հիմնավորումներում պետք է մանրակրկիտ ներկայացվեին ինչպես միջազգային չափանիշներն ու փորձը, այդ տեսանկյունից ներկայացվեին առաջարկվող նոր կարգավորումների ռիսկերը գործնականում, հնարավոր բացասական հետևանքները և այն, թե դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերն ինչ լուծումներ են ստացել արտասահմանյան երկրներում, որոնք են դրանց քաղած դասերը կամ դրական կողմերը:

Մինչդեռ, առկա հիմնավորումներն ընդհանրական բնույթի են ու մակերեսային: Ուստի, բարձրացված մտահոգությունները փարատող հիմնավորումների բացակայությունը կասկածի տակ է դնում առհասարակ նախագծային լուծումների անհրաժեշտությունը և դրանց հետապնդած նպատակի իրավաչափությունը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ հիմնավորումների բացակայության և նշված վերոնշյալ մտահոգությունները չփարատելու պայմաններում նախագծային առաջարկվող լուծումները չեն կարող ընդունելի լինել:




Լրահոս