ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է Օհանավան գյուղում գորշ արջի թակարդում հայտնվելու դեպքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
«Այսօր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տներից մեկի տնամերձ հողամասերից մեկում քաղաքացու կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերել է արջի քոթոթ, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է։
Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով»,-ասված է հաղորդագրությունում: