ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշակերտներն այլևս ատեստատներ չեն ստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջիկայում թղթային ատեստատներին կփոխարինեն QR կոդերը: Այինքն՝ կթվայնացվի հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը:
Ավելին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է այս տարվա շրջանավարտներին ատեստատների փոխարեն տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունն այս մասին որոշման նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման: Այն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման էլեկտրոնային կայքէջում դիտվել է 6547 անգամ, նախագծին կողմ քվեարկել է 22, դեմ՝ 9 հոգի:

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ նախարարությունը որպես պատճառաբանություն նշել է՝ «Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը»:
Ըստ նախարարության՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները:
Ի դեպ, նախագծի քննարկման ժամկետը մինչև հունվարի 29-ն է, որից հետո այն կներկայացվի կառավարության հաստատման:

Ս.Հ.




Լրահոս