ՄԻԱՆՁՆՅԱ ՈՐՈՇՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: Անցնող տարին լի էր դրանցով, սակայն փորձենք առանձնացնել դրանցից մի քանիսը: Նկատենք՝ Փաշինյանի կողմից ապատեղեկատվությունն ու հակասական հայտարարությունները հիմնականում կապ ունեին նախկին իշխանությունների ու տնտեսական ցուցանիշների հետ: Օրինակ՝ անցնող տարի վարչապետը շարունակեց պնդումների շարքը, թե նախորդ իշխանությունները «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով արդեն իսկ «հանձնել էին» Շուռնուխից, Որոտանից եւ Սոթքից հատվածներ։ Սակայն ընդգծենք՝ ներքին օրենքներով երկրի արտաքին սահմանները չեն կարող որոշվել, հետեւաբար Փաշինյանի այս խոսքերը հերթական մանիպուլյացիան էին, իսկ տնտեսական մանիպուլյացիաներն անպակաս են եղել թե՛ նրա, թե՛ նրա թիմի մյուս անդամների մոտ: Օրինակ՝ վարչապետը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց, որ իրեն հաջողվել է ռազմական ծախսերն ավելացնել 48%-ով, սակայն իրականում խոսքը 26 տոկոսի մասին է: «Թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 2021-ին կտրուկ նվազեցրել է իր սոցցանցային ակտիվությունն ու շփումները լրատվամիջոցների հետ՝ գրեթե դադարեցնելով ուղիղ եթերները: Նա այժմ հանդես է գալիս հեռակա հարցազրույցներով, սակայն ոչ բոլոր լրատվամիջոցների հարցերին է պատասխանում: Մեկ այլ հանգամանք եւս. հաշվետու եւ բոլորին վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանն այժմ որոշումներ է կայացնում միանձնյա՝ առանց որեւէ մեկի կարծիքը հարցնելու, եւ չի էլ թաքցնում այդ մասին: Մասնավորապես, երեկ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կայացվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշումը: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ԱԽ-ին եւ, մեծ հաշվով, ՀՀ ժողովրդին»: Լավ է՝ գոնե վերջում նա հիշեց ժողովրդի մասին:

 

 

 

 

ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խորհրդարանական համանուն խմբակցության, առաջիկայում կակտիվանա ու նոր գործընթացներ կսկսի: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ նախագահ Քոչարյանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարություն սկսել ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության նոր գործողություններ իրականացնել: Թե ինչ գործընթացների ու ժամկետների մասին է խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել: «Եկեք ժամկետներով չխոսենք, որովհետեւ ես այն մարդկանցից չեմ, որ ձմռանը, գարնանը, ամռանը կամ աշնանը թեժ եղանակ են խոստանում: ՀՅԴ-ն ու «Հայաստան» դաշինքը 2021-ի ավարտին էլ էին խոսում դիմադրության, շարժման մասին: Այդ շարժումն ավելի հզորացնելու աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են: Օրինակ՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր բնակավայրերում բնակչության, մեր աջակիցների, մտահոգ մարդկանց հետ հանդիպում, քննարկում, կարծիքներ ենք հավաքագրում»,- նշեց նա: Հարցին՝ այսինքն՝ ուժերն են ի մի բերում արդյոք, լակոնիկ պատասխանեց՝ այո:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով: Ինչպես հայտնի է, այդ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, եւ երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին դատական նիստն էր, որտեղ մեղադրյալների պաշտպանները միջնորդելու էին նրանց խափանման միջոց կալանքը փոփոխել: Ի դեպ, առաջին դատական նիստին ներկա չէր հենց գործով մեղադրյալ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, քանի որ առաջին նիստին քննվելու էր կալանավորված նախկին պաշտոնյաների խափանման միջոցի հարցը: Ինչեւէ, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանը ԱԱԾ-ում, ի պատասխան քննիչի հարցերին եւ իրեն առաջադրված մեղադրանքին, թղթի վրա ընդամենը գրել է. «Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում, առարկում եմ եւ հրաժարվում եմ ցուցմունք տալ»: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:

 

 

 

Հայաստանում հարսնացուներն ու փեսացուները հայտնվել են նոր խնդրի առաջ, չգիտեն՝ ամուսնանան, թե ոչ: Պատճառը առողջապահության նախարարի հրամանն է, ըստ որի՝ հունվարի 22-ից արգելվում է չպատվաստված ու չթեստավորված մարդկանց մուտքը սննդի ու ժամանցի վայրեր. ով պատվաստված չէ կամ չունի բացասական պատասխանով քովիդ թեստ, նրա մուտքը ռեստորան, սրճարան, թանգարան ու ժամանցի այլ վայրեր կարգելվի։ Թիրախում հիմնականում ռեստորաններն են, որտեղ բազմամարդ հարսանեկան արարողություններ են լինում: Իսկ առջեւում Տյառնընդառաջն է, երբ շատ զույգեր իրենց պսակադրությունը պլանավորում են հենց այդ ժամանակ անցկացնել: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռեստորանների ղեկավարներն ամուսնացող զույգերին զգուշացնում են հյուրերի հարցում ուշադիր լինել եւ հարսանիքներին հրավիրել միայն այն հարազատներին, որոնք պատվաստված են կամ պատրաստ են քովիդ թեստ հանձնել: Այս պահանջը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել երիտասարդների համար. բարեկամները չեն պատվաստվել, թեստ հանձնելու գումար չունեն. չէ՞ որ դեռ հարսանիքին գնալու համար նվեր պետք է գնեն, պատրաստվեն (մազ հարդարել, դիմահարդարման, հագուստի կոշիկի ծախսեր), սրան էլ որ գումարեն թեստի արժեքը, արդեն հարսանիք գնալը թանկ կարժենա: Ի դեպ, շատ զույգեր, որոնք իրենց հարսանիքը պլանավորել էին փետրվարին, այս հրամանի պատճառով, անորոշ ժամանակով հետաձգել են, մինչեւ սահմանափակումները մեղմանան: Իսկ նրանք, որոնք չեն կարող հետաձգել հարսանիքը, ընկած հարազատների տներով համոզում են, որ պատվաստվեն: Ինչպես հայտնի է, քովիդ թեստը 8000-15000 դրամ արժե: Մյուս կողմից՝ եթե առողջապահության նախարարը պատրաստ է մի ողջ հարսանիքի հյուրերի քովիդ թեստի ծախսերը հոգալ, ապա դա միայն կողջունվի:




Լրահոս