ԱՐՑԱԽԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ իր հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով՝ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռեւս կան հնարավորություններ։
Սարգսյանն իր այս հայտարարությունը համարեց նաեւ մեսիջ համանախագահներին՝ ընդգծելով՝ նույնիսկ կործանարար պատերազմից հետո համանախագահները էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին։ «Շատ վաղուց չեն խոսել, որովհետեւ դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞լ եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ինչ է լինելու վերջապես Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը, որ անում են, հղում են կատարում իրենց՝ դեռեւս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞ իրենց ասած՝ բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին»,- ասաց երրորդ նախագահը:
Մինչ հայկական կողմը պնդում է հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ ՄԽ կարեւորությունը, Ալիեւը «թոշակի է ուղարկում» Մինսկի խմբին՝ հայտարարելով, թե հակամարտությունն այլեւս լուծված է. Ադրբեջանի նախագահն օրերս ասաց, թե Բաքուն կշարունակի խափանել ղարաբաղյան հացով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ «Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք», – ասել է Ալիեւը։ Մոսկվան էլ հայտնեց, թե Ռուսաստանը Բաքվից եւ Երեւանից պաշտոնական արձագանք է սպասում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում:
Վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն կարողացել համաձայնել ընդհուպ հանրաքվեի անցկացման ժամկետի շուրջ։
Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ առանձնապես այդպես մեծ ցանկություն էլ չունեին ժամկետի հարցում պայմանավորվելու՝ նկատելով՝ Ադրբեջանը կարող էր նույնիսկ երբեք չհամաձայնել հանրաքվեի:
«Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է։ Փաթեթային լուծումը հնարավորություն չի տալիս կողմերից մեկին ստանալ ինչ որ ցանկանում է, այնուհետեւ ասել, որ մնացած պայմաններով… Այ, հենց դրա համար էր հանձնվում հինգ շրջան, երկուսը մնում էր: Մինչեւ հանրաքվեն չանցներ, այն երկուսը պետք է մնային` Լաչինն ու Քելբաջարը», – ասաց Սերժ Սարգսյանը՝ շարունակելով, – «Ալիեւը Ապրիլյան պատերազմից հետո այն ստացած փաստաթղթերը, որ սա անվանում է աղետ, դա համարում էր՝ իրեն պարտադրում են, որպեսզի ճանաչի անկախությունը»:
Երրորդ նախագահի խոսքով՝ ադրբեջանցիներն ընտրություն ունեին` կա՛մ անցկացնել հանրաքվե, Ղարաբաղը թողնել արդեն շատ լեգիտիմ իր կազմից դուրս, կա՛մ Լաչինն ու Քելբաջարը թողնել այնտեղ։
«Եվ, եթե իրենց ձեռնտու էր դա, թող այդպես անեին, Լաչինն ու Քելբաջարն էլ, տեսնում էիք, ուրիշ տեղից տեղահանված հայերը տեղափոխվում էին այնտեղ, եւ այն հինգ շրջանից եւս կտեղափոխվեին այդտեղ ու կապրեին մինչեւ այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները կցանկանային հանրաքվե անցկացնել: Խաղաղապահները կանգնած կլինեին, հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը կլինեին, եւ կլիներ միջազգային հանրության հավանությունը: Այդ ժամանակ ռազմական գործողությունների վերսկսումը շատ ավելի ցավալի կլիներ Ադրբեջանի համար», – նշեց Սերժ Սարգսյանը:
Խոսելով բանակցությունների կոնֆիդենցիալությունը պահպանելուց՝ երրորդ նախագահը հայտարարեց, որ իր ձեռքի տակ ունի բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց հրապարակելը կոռեկտ չի համարում։
«Ես բանակցող չեմ, բայց ես եղել եմ բանակցող, չէ՞: Ես եղել եմ այդ մարդկանց համար գործընկեր, ընդ որում՝ վստահելի գործընկեր: Բայց, արժե՞ արդյոք հիմա գնալ դրան եւ հրապարակել: Այո՛, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ, բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր», – ասաց Սերժ Սարգսյանը:
Ն.Հ.
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է
ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 9.5%: ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.5%։
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿԱՄԱԿԱՏԱՐ
Հայտնի դարձավ, որ իշխող վարչախումբը բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին դիտարկում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Ի դեմս Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է քաղաքական կամակատար, որը սեփական կարծիք արտահայտելու իրավունք անգամ չի ունենալու. նման տեսակետ է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով՝ այս իշխանությունները վերադարձնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին։ «Մեկ չի՞, թե ով է նա, այս իշխանության ղեկավարման ներքո ոչ մի բան չի անելու: Նրա պարագայում ունենալու ենք մի նախագահ, որը բավականին գրագետ է, տնտեսական հարցերով՝ խելացի մտքեր է արտահայտում, բայց քաղաքական դեմք չէ: ՔՊ-ն ինչ թելադրի, նա կատարելու է: Քաղաքական կամակատար է լինելու։ Բացարձակապես չենք իմանալու նրա՝ որպես քաղաքական գործչի մոտեցումները, որովհետեւ դրանք միշտ համընկնելու են գործող իշխանության տեսակետների հետ, ես համոզված եմ»,-նշել է Լ. Ալավերդյանը։
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Օրեր առաջ ոստիկանները Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհից կասկածանքով բերման են ենթարկել 27 եւ 22 տարեկան եղբայրների՝ իրենց վարած «Կիա» մակնիշի մեքենայով: Բաժնում ավագ եղբայրը մեքենայից ներկայացրել է 82 փաթեթ՝ ընդհանուր 172 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնել է, որ հայտնաբերված թմրանյութն իրենն է՝ իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, բայց առանց քննության էլ պարզ էր, որ 82 փաթեթը մեկ հոգու օգտագործման համար չի լինում: Պարզվել է, որ ավագ եղբայրը Շոկո տեսակի թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում: Ոստիկանները հայտնաբերել են 8 փաթեթ՝ ընդհանուր 34 գրամից ավելի քաշով:
ԿԱՆԵՓ ԵՆ
ՊԱՀԵԼ
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մովսես գյուղի 35-ամյա մի բնակիչ տան բակում կանեփի ցողուններ է պահում եւ չորացնում: Պատշգամբից հայտնաբերվել է կանեփի 4 ցողուն՝ մոտ 2 մետր երկարությամբ, իսկ տնից՝ մարիխուանայի նմանվող 40 գրամից ավելի զանգված: Բացի այդ՝ ոստիկանները նկուղից հայտնաբերեցին երեք պարկ վառոդ եւ 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ՝ մեկն առանց գնդակի:
ՎԵՆԴԵՏԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գորիսում կրակոցներ իրականացրած անձը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարազատներից Արթուր Ճաղարյանն է, որը կրակոցներն արձակել է ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպով վրեժխնդրություն լինելու համար, ասել է թե՝ վենդետա է եղել: Վերջինս ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Բանն այն է, որ Գորիսում ամիսներ առաջ ծեծել էին Առուշ Առուշանյանի քրոջորդուն, ինչից հետո նրա հորեղբայր Արտակ Ճաղարյանը դեպքից մի քանի ամիս անց որոշել է վերժխնդիր լինել. զենքով գնացել է սպանելու BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ կարծելով, թե նա մեքենայի մեջ է, սակայն վարորդը մեքենայի մեջ չի եղել: Նշենք, որ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին, ով կասկածվում է իր մոտ պահվող հրազենով՝ Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Գորիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս:
7.7 ՏՈԿՈՍ
2021թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է եւ կազմել 7.7 %: 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է ԿԲ կանխատեսումներին համահունչ եւ կազմել 7.3%: Այս մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական վերականգնումը: Հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում բարձր գնաճային միջավայրը պահպանվում է էներգակիրների ավելի բարձր գների եւ արտադրաշղթաների խաթարումների հետեւանքով։ Հայաստանում համավարակի հերթական ալիքը տարածվում է արագ տեմպերով, սակայն դրա ազդեցությունը տնտեսության վրա գնահատվում է մեղմ: 2021թ-ի վերջին շինարարության եւ արդյունաբերության ճյուղերում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն։ ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ ամբողջական պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ ի հաշիվ արտաքին պահանջարկի, որը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Վերջինս, ինչպես նաեւ կարգավորվող գների ակնկալվող փոփոխություններն արտացոլվում են գնաճային սպասումների վարքագծում»,-ասել է նա: