Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ. կայացավ «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, հանրությանը ներկայացվեց ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը։ Ֆիլմ՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։ Հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական նվագախումբը ներկայացրեց ֆիլմի սաունդթրեքը, իսկ ֆիլմի հեղինակները պատմեցին կինոնկարի մասին։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։ Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։

« «Գարուն ա…» ֆիլմը կերպարների վերլուծություն է։ Ֆիլմի կենտրոնական կերպարներն արտացոլում են մերօրյա հասարակության լայնազանգված շերտերն իրենց մտածողության և հայրենասիրության մասին ունեցած իրենց պատկերացումների տարբերություններով։ Ֆիլմը ծնվել է հերոսի ասելիքից: Հայրենիքը զուտ հողակտոր չէ։ Այն սկսվում է յուրաքանչյուրի պատասխանատությունից, մեծ սիրուց առ հայրենիք, առ ընտանիք, առ հասարակություն: Ֆիլմի հերոսը համոզված է՝ հենց այդ գաղափարն է, որը կարող է առողջ հասարակություն ու հզոր պետականություն ստեղծելու հիմք դառնալ»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը, ով այս օրերին գտնվում էր Ուկրաինայում, որտեղ և իրականացնում էր ֆիլմի հետարտադրական աշխատանքները։ Ռեժիսորին հնարավոր է եղել պատերազմական թեժ իրավիճակներից տեղափոխել Հայաստան ու հասցնել ֆիլմի պրեմիերային։

«Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է ինձ մոտ վեց տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ընթացքում։ Այդ ժամանակ բոլորս առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես է ամբողջ ազգը ոտքի կանգնում և համախմբվում բարդ իրավիճակներում։ Ֆիլմի աշխատանքները սկսվել էին մինչև 44-օրյա պատերազմը։ Մեր ֆիլմում կոչ է արվում լրջորեն խորհել պետական մտածողության, պետության պահպանման, ազգային գաղափարախոսության ստեղծման մասին, որում յուրաքանչյուրի դերը առավել քան կարևոր է։ Սա է մեր հիմնական ասելիքը»,-նշեց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։

«Ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսներից մեկին։ Կերպարիս անունը նույնպես Լևոն է, մասնագիտությամբ ջութակահար է, և նրա որոշումից սկսվում է ամբողջ ֆիլմի կոնֆլիկտը։ Ֆիլմում արտացոլված է դասական հայրեր-որդիներ դարավոր թեման։ Իմ հայրը գաղափարակից չէ իր հորը, իսկ ես իմ հերթին այն գաղափարների կրողը չեմ, որը հայրս է տածում։ Երեք հերոսների հարաբերությունները շատ ճիշտ են ցուցադրված»,-նշեց ֆիլմի դերասան Լևոն Հախվերդյանը։

«Հենց սկբից, երբ սցենարը կարդացի, շատ տպավորվեցի, դրամատիզմով հագեցած պատմություն է՝ հայրեր և որդիներ դարավոր անհամաձայնությունների ֆոնին։ Իսկապես, հուզիչ պատմություն է։ Իմ կերպարը շատ եմ սիրել, յուրաքանչյուր դերասան շատ կուզենար այսպիսի դեր մարմնավորեր, որքան դերն ունի բարդություններ, հոգեբանական խորություններ, այնքան դերասանի համար մեծ հնարավորություն է ինքնաարտահայտվելու։ Իմ կերպարն այդպիսին է»,-նշեց դերասան Արմեն Մարգարյանը։

Նշենք, որ կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է․ մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնը, վիրտուոզ երաժիշտ է, ով ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը․․․

Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով․․․




Լրահոս