Երևանում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգմամբ կզբաղվի Երեւան համայնքի ավագանին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է առաջարկում հանրային վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները վերապահել Երևան քաղաքի ավագանուն: Արդյունքում կսահմանի Երևանում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը:
Բանն այն է, որ անհատի կողմից հանրային վայրերում, բացօթյա տարածքներում իրականացվող ստեղծագործական գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին:
Այն կարող է անհարմարություն պատճառել Երևանի բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը:
Ավելին, պարզվում է՝ այս խնդիրը չի կանոնակարգվում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով:
Ս.Հ.