Ամերիկյան կինոակադեմիան 10 տարով արգելել է Ուիլ Սմիթին ներկա գտնվել Օսկարի մրցանակաբաշխությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան կինոակադեմիան որոշում է կայացրել արգելել հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթին առաջիկա 10 տարիների ընթացքում ներկա գտնվել Օսկարի մրցանակաբաշխություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:

Մասնավորապես, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի նախագահ Դևիդ Ռուբինի և գործադիր տնօրեն Դոն Հադսոնի հայտարարության մեջ ասվում է. «Խորհուրդը որոշել է, որ 2022 թվականի ապրիլի 8-ից սկսած 10 տարի ժամկետով պարոն Սմիթին չի թույլատրվելու այցելել ակադեմիայի որևէ միջոցառման կամ ծրագրի՝ անձնապես, թե վիրտուալ, այդ թվում և Օսկարի մրցանակաբաշխության»:

Ամերիկյան կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը նման որոշում է կայացրել ապրիլի 8-ին Լոս Անջելեսում կայացած հանդիպման արդյունքներով: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր կազմակերպել ապրիլի 18-ին, սակայն այն բանից հետո, ինչ դերասան Ուիլ Սմիթը հայտարարել էր ակադեմիայի կազմից դուրս գալու մասին, հանդիպման ժամկետները փոխվել էին:

Ամերիկյան կինոակադեմիայի այս որոշմանը հայտնի դերասանն արդեն արձագանքել է՝ ասելով. «Ես ընդունում և հարգում եմ Ակադեմիայի որոշումը»:

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ բեմում հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքին՝ վերջինիս կողմից իր կնոջ հասցեին արված կատակի պատճառով: Հետագայում նա իր արարքի համար ներողություն էր խնդրել ինչպես Քրիս Ռոքից, այնպես էլ Կինոակադեմիայից ու հեռուստադիտողներից, ովքեր ուղիղ եթերում ականատես էին եղել տվյալ միջադեպին:




Լրահոս