Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Հռիփսիմե Գրիգորյանը հանդես են եկել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությամբ:
Նրանք առաջարկում են արտաքին գործերի նախարարությունում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում ներդնել քաղաքացիական ծառայության համակարգ: Ըստ այդ փոփոխությունների, գլխավոր քարտուղարը (որը դիվանագիտական պաշտոն է) կունենա տեղակալ, որը կհամարվի քաղաքացիական ծառայող եւ կհամակարգի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը, ինչն էական նշանակություն կունենա նախարարության բնականոն գործունեության ապահովման համար:
Դիվանագիտական աստիճանների սանդղակում կիրականցվի փոփոխություն, ըստ որի՝ կփոփոխվեն երկրորդ եւ առաջին քարտուղարների դասային աստիճանները:
Հիմնավորման համաձայն, ակնկալվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ԱԳՆ-ում ձեւավորել միջին դասի դիվանագետների խումբ, որը ժամանակի ընթացքում կպահպանվի եւ կավելանա՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԳՆ-ին առավել լայն ընտրություն ունենալ տարբեր պաշտոնների նշանակման ժամանակ:
Ն.Հ.