Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը վերլուծություն է ներկայացրել՝ ընդգծելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով՝ որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, եւ քանի որ այսպես է, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը:
Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որեւէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Սահմանադրության 116-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից:
Իսկ 1992 թ. հուլիսի 8-ի որոշման 2-րդ կետը հստակորեն սահմանում էր Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝ Արցախի ինքնորոշման փաստի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում» (ընդգծ. հեղ.): 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը կառավարող մեծամասնության եւ «Ազգային Դաշինքի» միջեւ փոխհամաձայնության արդյունք էր. այն ընդունվեց կոնսենսուսով (169 կողմ, 3 դեմ 1 ձեռնպահ) (Գերագույն Խորհրդի Տեղեկագիր, 1992/13, էջ 30):
ՀՀ Սահմանադրության նախաբանն արձանագրում է, որ հայ ժողովուրդն ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները» (ընդգծ. հեղ.): Ինչպես Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո հրապարակված իր գրքույկում նշում է Վլադիմիր Նազարյանը, ով Սահմանադրության տեքստի մշակման հիմնական հեղինակներից էր եւ գլխավորում էր ընդլայնված Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խումբը, «ներածությունում կատարված վկայակոչման (հղման) ուժով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը վերածվում է ՀՀ Սահմանադրության բաղադրամասի» (Վլադիմիր Նազարյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը. Ծանոթագրություններով եւ մեկնաբանություններով, Երեւան, 1995, էջ 5-6): Այդ վկայակոչման միջոցով, Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրված դրույթները ստացան սահմանադրական կարգավիճակ:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ», իշխանական թիմի ներկայացուցիչները սկսեցին ակտիվ ելույթներ ունենալ եւ փորձեցին առաջ տանել ու զարգացնել այս գաղափարը՝ ընդհանուր առմամբ առաջ մղելով այն միտքը, որ Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում չի կարելի բացառել։
Սակայն ՔՊ նախընտրական ծրագրի «Արցախի հիմնախնդիր» բաժնում նշված էին այն բոլոր խնդիրները, որոնք լուծելու է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ընտրություններում հաղթելու դեպքում, ինչպես նաեւ այն սկզբունքները, որոնք իրենց համար առաջնային են Արցախի խնդրի լուծման հարցում:
«Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների եւ զանգվածային ոճրագործությունների հետեւանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո»,- գրված է ՔՊ-ի նախընտրական ծրագրում
Այսինքն, Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինության մասին դրույթը ներառված է նաեւ ՔՊ նախընտրական ծրագրում։ Այսինքն, շատ հաճախ ՔՊ-ականները հակասում են իրենց իսկ նախընտրական ծրագրին:
Ն.Հ.
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ԿՈՉԸ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կոչ է արել բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը։ Երկրի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման անհրաժեշտության մասին է վկայում Ուկրաինայի պատերազմի օրինակը, հայտնում է Haberler-ը: «Միջազգային անվտանգության համակարգը, ՄԱԿ-ի համակարգը ի վիճակի չեն լուծելու հակամարտություններ, բարդ հարցեր»,- ընդգծել է Չավուշօղլուն, որի պնդմամբ՝ համակարգը բարեփոխման կարիք ունի։ Միեւնույն ժամանակ, դիվանագետը շեշտել է, որ Անկարան պատրաստ չէ «ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ դրանք տեղի ունենան»։ Արտգործնախարարը հավելել է, որ Թուրքիան աջակցում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությանը։ «Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է արդար եւ հավասարակշռված մոտեցման վրա»,- հավելել է Մեւլյութ Չավուշօղլուն:
ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԻ
Երեկ հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն էր։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել. «Տասնամյակներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, միտումնավոր ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, իրականացնում է մշակութային ցեղասպանություն ՝ տարբեր ձեւերով: Իսկ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո այս հանցանքները նոր թափ ստացան եւ հասան ահռելի զանգվածների։ Հայկականությունը եւ Քրիստոնեությունը Արցախից ջնջելու գործողությունները եւս մեկ անգամ վկայում են, որ խաղաղության օրակարգը միայն վտանգավոր ծուղակ է մեզ համար։ ԱՄՆ կատարած այցիս ժամանակ տարբեր հանդիպումներին կոնգրեսականներին եմ փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները՝ Ադրբեջանի կողմից Արցախի մշակությանին ժառանգությունը ոչնչացնելու եւ ատելության խոսքի քարոզի մասին։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքի Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»։
ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը: Կարեւորվել է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը: Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
ԸՆԴԴԵՄ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ
Ապրիլի 13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի շուրջ կրքերը չեն դադարում: Այդ օրը ելույթ ունենալիս նա նշել էր, թե առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր: Այս հայտարարությանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով. «Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը, մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»: Այսօր էլ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն է հայտարարում, թե. «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում դադարեցվել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զրահաբաճկոնների, սաղավարտների եւ տեսադիտարկող սարքերից քողարկման ցանցերի արտադրությամբ զբաղվող հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» ընկերության գործունեությունը, որի 50%-ի սեփականատերը հանդիսանում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը»: Այսպիսով, ի՞նչ ընկերության մասին է խոսքը. «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը Հայաստանում գործում էր 2014 թվականից: Ընկերությունը զբաղվում էր բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են կեղծ թիրախները, տեխնիկական եւ այլ վրանները, սաղավարտները, զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը եւ այլն: 2017-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկությունը 1,7 մլն դոլարի հանդերձանք/սարքավորում է արտադրում ՀՀ զինուժի համար։
ԿՎԵՐԱՓՈԽՎԻ
Հայաստանում կվերափոխվի հաշմանդամության գնահատման համակարգը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատման նպատակով՝ բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն կիրականացվի անձի ֆունկցիոնալության գնահատում: Ի դեպ, նշենք, որ նախորդ տարվա մայիսի 5-ին է ընդունվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ սա հնարավորություն կընձեռնի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում եւ կօգնի որոշել յուրաքանչյուր անձի համար անհատական ծառայություններ։ Ավելին, իրավական հիմք կստեղծվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից ինքնագնահատման հարցաշարը, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրի ձեւավորման եւ վարման կարգը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձեւը: