ՀՅՈՒՊԱՏՈՍԸ՝ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԱՆՑՅԱԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թեեւ իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Բանն այն է, որ Միսակ Բալասանյանի անունը կապված է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, եւ հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը «մաքրելու» համար: Իսկ ի՞նչ աղմկահարույց դեպքերի մասին է խոսքը: 2012 թվականին դանակահարել Էին «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության անվտանգության աշխատակցին, որը մահացել էր, եւ այս դեպքով մամուլում շոշափվեց ընկերության նախագահ Միսակ Բալասանյանի անունը: Իսկ, ահա, մյուս դեպքը եղել էր 2016 թվականին: Սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին իրենց առանձնատան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այդ ժամանակ Վարդեւան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ԲՀԿ-ի ցուցակը, եւ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել: Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Եվ, ահա, կարճ ժամանակ անց Արշակ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվեց: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միսակ Բալասանյանին, եւմեր հարցադրումներին ի պատասխան՝ Գյումրի-Գարեջուր» ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում, պարոն Բալասանյանը այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության նախագահի իր աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված դեպքերին, ապա նմանատիպ տրամաբանությունը առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետեւ ե՛ւ քննչական գործողություններով, ե՛ւ դատարանի վճռով հաստատված է, որ պարոն Բալասանյանը տվյալ վիճաբանության հետ առնչություն չի ունեցել, եւ տուժողը գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է եղել: Իսկ պարոն Վարդեւան Գրիգորյանի որդու դեպքը շատ ցավալի դեպք էր, որը մենք եւս մեծ ցավով ենք տարել: Աբսուրդ է Ձեր մատնանշված կապը, քանի որ մահացածի հարազատներն էին հայտարարել, որ իրենց որդու դեպքը քաղաքական գործընթացների հետ կապ չունի» :

 

 

 

Մինչեւ ս.թ. մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 5-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: 2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Որոշման կայացման գործընթացը հետաձգվել է, եւ ՍԴ որոշումը կհրապարակի մայիսի 6-ին, եւ դատական համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ մինչ մայիս 6-ը Գագիկ Ջհնագիրյանը դիմում կգրի եւ կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ժամանակ տալ՝ Հակակոռուպցիոն նոր դատարանը ձեւավորելու եւ նոր լքելու պաշտոնը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ պարոն Ջհանգիրյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝  Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է: «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձանից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը։ Այս ամենի արդյունքում ինձ պատճառել են 167 000 հազար ԱՄՆ դոլար գույքային վնաս»: Ըստ մեր զրուցակցի՝ նա անգամ դիմել է ոստիկանություն, եւ փաստի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նունե Միքայելյանը նշեց, որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն, եւ քրեական գործը ծածկադմփոց չանեն»: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Կարեն Մանուկյանի կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ, որը վստահեցրեց, թե Նունե Միքայելյանը ստում է։ Ավելին՝ Լոլիտա Մանուկյանի պաշտպան Մասիս Մելքոնյանն էլ պնդեց, որ բացառված չէ, որ մեղադրանք կառաջադրվի հենց Նունե Միքայելյանին՝ վաշխառությամբ զբաղվելու համար: «Հորդորում եմ անձանց անհիմն չզրպարտեն, քանի որ այդ գործով կողմնակի միջամտություն չի եղել ու չի էլ կարող լինել, օբյեկտիվ քննություն է իրականացվում», – վստահեցնում է նա:

 

 

Հայաաստանում այս տարվա փետրվարին օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 112, որից 65-ը իրականացվել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոտայքի մարզում օտարերկրյա քաղաքացիների կողմից կնքվել է գնման 19 գործարք, Արարատում՝ 6, Արմավիրում՝ 4, Սյունիքում՝ 3: Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառվել է թվով 238 անշարժ գույք, որից 81-ը՝ Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից այս տարվա փետրվարին Շիրակի մարզում վաճառվել է 31, իսկ Սյունիքում՝ 2 անշարժ գույք: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից փետրվար ամսին գնվել է 68 անշարժ գույքի, որից 28-ը՝ բնակարան, 11-ը՝ բնակելի տուն, արտադրական նշանակության մեկ շինություն, 18 հող, հասարակական նշանակության 3 շինություն: Թվով 3 իրանցի է փետրվար ամսին անշարժ գույք գնել՝ 2-ը՝ բնակարան, մեկը՝ հող:  ԱՄՆ 11 քաղաքացի է Հայաստանում անշարժ գույք գնել: Սրան զուգահեռ, նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության 185 քաղաքացի վաճառել է Հայաստանում գնած անշարժ գույքը:




Լրահոս