«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն ասում է, որ այսօր գողացել են իր՝ Արցախի հերոս որդու զոհաբերման արժեքը: «Ոչ միայն իմ, այլ ընկած բոլոր տղաների զոհաբերման արժեքն են գողացել, իսկ այդ արժեքն ազատ ու անկախ Արցախն է, ինչը եթե չպահպանենք, ապա կստացվի՝ ես իմ ձեռքով որդուս մահվան եմ ուղարկել»,-ArmLur.am-ի հետ զրույցում նշել է նա:
-Այս հրապարակում եւ այս հարթակում խրոխտ ու հուզիչ ելույթ ունեցաք: Ի՞նչ մեսիջներ եք ստացել:
-Ինձ գրում են, մոտենում հարցնում, թե ես ում եմ միացել: Ես որեւէ պատճառ չունեմ որեւէ մեկին միանալու համար: Ես միշտ եղել եմ եւ այսօր էլ միացած եմ իմ ազգին, որովհետեւ միշտ ազգն է առաջնորդել ժողովրդին: Մեզ տարիներ շարունակ բաժանեցին, բզկտեցին եւ թուլացրեցին, որ դեռ դարեր առաջ է գրվել, որ հայ ազգին հաղթել անհնար է, միայն հնարավոր է հաղթել պառակտելով: Պարզ տեսնում ենք այդ պառակտումը: Ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր առաջնորդին: Այսօր ժողովուրդը թողել է, որ ամեն մարդ ինքը որոշի, թե ով իրեն առաջնորդի: Դրա համար ժողովուրդը պետք է գա այստեղ եւ ինքը որոշի: Մեր ընտանիքները պառակտել են, եւ հիմա մեր ընտանիքներում, մեր ծանոթների մեջ մեկը նիկոլական է, մեկը քոչարյանական է: Սրանք ականներ են: Բոլորիս բաժանել են ականների եւ պայթեցրել են այդ ականները ու ցաք ու ցրիվ արել ազգը: Մենք հիմա պետք է հավաքվենք, այդ ականներն ի մի բերենք, դնենք բոլոր այն ազգադավների տակ, որոնք մեր ազգը հասցրել են այս վիճակի: Այդ մարդկանց երազանքն է, որ մենք երբեք չմիանանք: Ով տենչում է գնալ իշխանության, իր հոգում մեղկություն է: Իրական իշխանությունը նպատակն է եւ զոհաբերությունը հանուն ժողովրդի: Իմ որդին որ գնում էր պատերազմի, ինքը հասկանում էր՝ ուր է գնում: Նա գիտեր, որ իր դեմ կանգնած է մահը:
-Տերության մասին Հրանտ Մաթեւոսյանն ասում է. «Այս երկրին տեր է պետք, տեր լինի, տերություն դառնա»: Հիմա Դուք էլ ասում եք, որ ականների մեր ընտանիքներում ոնց պետք է տերը դուրս գա հրապարակ:
-Ամեն ինչ ունի իր խմորման ավարտը: Ես հավատում եմ, որ երբ ժողովուրդ դուրս կգա եւ տեր կկանգնի իր իրավունքին, նպատակին, երազանքին, ինքն իր միջից կծնի առաջնորդ: Ի վերջո, աշխարհում հազարավոր նման պատմություններ կան, հո՞ միայն մեր ազգը չէ, որ այսպիսի ճգնաժամի մեջ է եղել: Ավելի վատ, ծայրագույն վատ ճգնաժամերի մեջ ենք եղել: Ուղիղ 30 տարի առաջ մենք շատ ավելի վատ վիճակում էինք: Ինչքան էլ Նիկոլը հիմա բզկտել է մեր բանակը, այնուամենայնիվ մենք բանակ ունենք, հրաշալի սպաներ ունենք, որոնք թեեւ դուրս են եկել բանակից, բայց պատրաստ են ամեն րոպե վերադառնալ բանակ, եթե միայն իշխանափոխություն լինի, վստահելի մարդիկ գան իշխանության: Սա շատ կարեւոր է: Մենք ասում ենք, որ պետք է ժամանակավոր կառավարություն ձեւավորել Նիկոլին հեռացնելուց հետո, եւ այդ կառավարության մեջ պետք է լինեն վստահելի մարդիկ, հակառակ դեպքում նորից բզկտվելու ու պառակտվելու ենք: Ես չեմ ուզում ոչ ոքի դատել, թող աստված դատի նրանց: Հասարակ ժողովուրդն իր մեղքը չունի այս վիճակի համար: Մենք պետք է հասկանանք, որ այլեւս պետք է անուշադրություն չլինի որեւէ մանրուքի նկատմամբ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Հայաստանի մարզերի քաղաքներում անշարժ գույքի շուկայում հետաքրքիր պատկեր է ստեղծվել. մի քանի մարզային քաղաքներում բնակարանների գներն այս տարվա փետրվարին, հունվար ամսվա համեմատ, բարձրացել են, մի քանիսում՝ մնացել են նույնը: Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակարանի գինը 700 դրամով բարձրացել է, իսկ Ապարանում՝ 1100 դրամով, Թալինում մեկ քմ-ն 78 հազար դրամ է: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակարանների գները մնացել են նույնը. մեկ քմ-ն 150 հազար 50 դրամ է կազմել: Նշենք, որ Արարատի մարզի Վեդի եւ Արարատ քաղաքներում է գնային բարձրացում արձանագրվել, իսկ Մասիսում ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին բնակարանի մեկ քմ-ն կազմել է 150 հազար 100 դրամ:
Արմավիրի մարզում եւս բնակարանների գները բարձրացել են. օրինակ՝ Էջմիածնում բնակարանի մեկ քմ-ն 188 հազար 500 դրամից թանկացել է՝ դառնալով 190 հազար 600 դրամ: Բնակարանների գները բարձրացել են նաեւ Արմավիր, Մեծամոր քաղաքներում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Սեւան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքներում բնակարանները թանկացել են: Օրինակ, Վարդենիսում հունվարին բնակարանի մեկ քմ-ն 48 հազար 500 դրամից թանկացել է՝ դառնալով 49 հազար դրամ: Միայն Մարտունի քաղաքում է, որ բնակարանի մեկ քմ-ի գինը հունվար եւ փետրվար ամիսներին նույնն է մնացել՝ 105 հազար 500 դրամ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակարանների գներն են բարձրացել, բայց, չնայած սրան, մարզային այս քաղաքներում բնակարանների պահանջարկը նվազել է, մարդիկ սահմանանների անվտանգային իրավիճակով անհանգստացած են եւ չեն շտապում սահմանամերձ քաղաքներում բնակարաններ գնել:
Նույն պատկերն է Սյունիքի մարզում. այստեղ եւս բնակարանների գների բարձրացում է արձանագրվել: Օրինակ՝ Գորիսում այս տարվա հունվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 146 հազար 100 դրամով, իսկ փետրվարին՝ 147 հազար 50 դրամով, Կապանում գինը բարձրացել է 1200 դրամով: Մեղրիում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը չի փոփոխվել. այն ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին կազմել է 105 հազար 700 դրամ:
Հայաստանի սահմանամերձ Տավուշում բնակարանների գները եւս աճել են. Դիլիջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը բարձրացել է 3500 դրամով, Իջեւանում` 3000 դրամով, իսկ Նոյեմբերյանում բնակարանի գինն ավելացել է 1050 դրամով:
Մարզային ամենաթանկ քաղաքը համարվում է Ծաղկաձորը, որտեղ բնակարանի մեկ քմ-ն այս փետրվարին կազմել է 340 հազար 100 դրամ, իսկ հունվարին այն 335 հազար 500 դրամ էր, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում հայաստանյան զբոսաշրջային քաղաքում բնակարանի գինը բարձրացել է 4600 դրամով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ
Արդեն մեկ ամիս է, սակայն դատական համակարգում շարունակում են ահազանգել, որ ձեռքով մակագրման գործընթացը շարունակվում է, եւ, ըստ էության, ԲԴԽ-ն ամեն ինչ անում է, որպեսզի ձեռքով մակագրման գործընթացը շարունակվի: Իսկ ինչո՞ւ է դատական համակարգի ղեկավար կազմը ձգձգում համակարգչի միջոցով դատական գործերի մակագրման գործընթացը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԲԴԽ ղեկավար կազմում խոսակցություն է եղել, որ այսպես պետք չէ շարունակել, եւ պետք է շտապ խնդրին լուծում տալ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակագի ղեկավար կազմը ընթացքը ձգձգում է որոշ աղմկահարույց գործերի ձեռքով մակագրման գործընթացն ապահովվելու նպատակով: Ասել է թե՝ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը ձեռքով կմակագրեն իրենց ցանկալի դատավորներին, որից հետո նոր համակագչային մակագրման գործընթացը կվերականգնեն: Ի՞նչ է անում այս իրավիճակում մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՁԱԽՈՂԵԻՔ՝ ԽՆԴԻՐ ՉԷՐ ԱՌԱՋԱՆԱ»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել է. «Իշխանությունն ու «հարակից նվագախումբը» վերջին շրջանում անընդհատ խոսում են արցախցիներին ուղղվող սոցիալական «աննախադեպ» հոսքերի մասին՝ փորձելով ցույց տալ, թե, տեսեք, մենք չենք հրաժարվել Արցախից։ Այսինքն՝ պատերազմը, դրանում իրենց պարտությունը, որն Արցախում եւ Հայաստանում աննախադեպ ծանր սոցիալական վիճակի է հանգեցրել, եւ որի մեղմանը գումար է ուղղվել, փորձում են ժողովրդին որպես «լավություն ծախել»։ Պետությունը չձախողեիք, այսքան սոցիալական խնդիր չէր առաջանա, իսկ եղած գումարներն անվտանգությանն ու զարգացմանը կուղղվեր։ Երկրորդ՝ խորհրդարանի ամբիոնից հայտարարում եք, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, օրը ցերեկով Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածը առեւտրի հանում, հետո էլ թե՝ «աննախադեպ» սոցիալական ծախսեր ենք արել։ Վաղն էլ ասելու են, դե, գիտե՞ք, Արցախը հանձնեցինք Ադրբեջանին, բայց դե Արցախին ուղղվող գումարով հիմա Հայաստանում «աննախադեպ» ասֆալտ ենք անում կամ թոշակ ենք բարձրացնում»։