ԳՅՈՒՄՐՈՒ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՈՒ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին, ցանկանում են նշանակել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն որոշակի խնդիրներ են առաջ քաշվել:

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Միսակ Բալասանյանի անունը կապվել է որոշ աղմակահարույց դեպքերի հետ, եւ հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը մաքրելու համար, որպեսզի հետագա նշանակման համար խնդիներ չառաջանան:

Իսկ ի՞նչ աղմկահարույց դեպքերի մասին է խոսքը: Մասնավորապես 2012 թվականին դանակահարել Էին «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության անվտանգության աշխատակցին, որը մահացել էր, եւ այդ դեպքով մամուլը շոշափեց ընկերության նախագահ Միսակ Բալասանյանի անունը: Իսկ, ահա, մյուս դեպքը եղել էր 2016 թվականին: Սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին իրենց առանձնատան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ, ըստ նախնական տեղեկությունների, Գրիգորյանը ինքնասպանություն է գործել. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Բացի դա, իրավապահները նկուղից հայտնաբերել էին ապօրինի զենք, որով կատարվել էր ինքնասպանությունը: Այդ ժամանակ Վարդեւան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ԲՀԿ-ի ցուցակը, եւ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել՝ որպես հիմնավորում նշելով այն, որ դեպքի նախորդ օրը՝ երեկոյան, Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գովազդային պաստառ է փակցվել, որի վրա եղել է Վարդեւան Գրիգորյանի նկարն ու զառեր՝ «հաջողության բանաձեւը» վերտառությամբ: Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Եվ, ահա, կարճ ժամանակ անց Արշակ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվեց: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միսակ Բալասանյանին: Մեր հարցադրումներին ի պատասխան՝ «Գյումրի-Գարեջուր» ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում, պարոն Բալասանյանն այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության նախագահի իր աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված դեպքերին, ապա նմանատիպ տրամաբանությունը առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետեւ ե՛ւ քննչական գործողություններով, ե՛ւ դատարանի վճռով հաստատված է, որ պարոն Բալասանյանը տվյալ վիճաբանության հետ առնչություն չի ունեցել, եւ տուժողը գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է եղել: Իսկ պարոն Վարդեւան Գրիգորյանի որդու դեպքը շատ ցավալի դեպք էր, որը մենք եւս մեծ ցավով ենք տարել: Աբսուրդ է Ձեր մատնանշված կապը, քանի որ մահացածի հարազատներն էին հայտարարել, որ իրենց որդու դեպքը քաղաքական գործընթացների հետ կապ չունի»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 467 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ամփոփվել են ՀՀ նախաքննական մարմիններում քննվող կամ քննված քրեական գործերով պետությանը եւ համայնքին պատճառված, ինչպես նաեւ վերականգնված  վնասի վերաբերյալ տվյալները 2022թ. մարտի 31-ի դրությամբ: Տվյալները ամփովել են աճողական կարգով։

 

Ըստ այդմ՝ 2020թ. հունվարի մեկից սկսած՝ 2022թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննված կամ քննվող քրեական գործերով, որոնց մեծ մասն առնչվում են կոռուպցիոն եւ տնտեսական բնույթի հանցագործություններին, հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը եւ համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 467.260.910.107 ՀՀ դրամի վնաս: Դրանից 455.070.473.327 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ  12.190.436.780 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 233.857.381.815 ՀՀ դրամը, որից 231.532.450.211 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.324.931.604 դրամը՝ համայնքներին։

Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 51.006.354.399 դրամը, որից 48.790.341.623 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.216.012.776 դրամը՝ համայնքներին։ 2022 թվականի մարտ ամսին վերականգնվել է նաեւ պետությանը պատճառված վնասից 379.250 ԱՄՆ դոլար:

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել 84.644.700 ՀՀ դրամի, 5.838.598.990 ՀՀ դրամ հաշիվների, 119 անուն շարժական եւ 240 անշարժ գույքերի ու 45 հողատարածքների նկատմամբ: Դրանցից գնահատված է 26.404.774.927 դրամ արժողությամբ շարժական եւ անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը դեռ որոշված չէ։ Արգելանք է դրվել նաեւ 2.078.144.529 դրամի գույքերի վրա:

Հարկ է արձանագրել նաեւ, որ միայն 2022 թվականի 1-ին եռամսյակում վերականգնվել է պետությանը եւ համայնքներին պատճառված 2.5 անգամ ավել գումարի չափով վնաս, քան ամբողջ 2021թ. ընթացքում: Ընդ որում՝ միայն 3 ամսվա ընթացքում վերականգնված վնասն արդեն իսկ մոտենում է 2020 եւ 2021 թվականների ընթացքում վերականգնված վնասի չափի հանրագումարին: Եթե 2021թ. ընթացքում վերականգնվել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, 2020թ. ընթացքում՝ շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, ապա միայն 2022թ. 1-ին եռամսյակում արդեն իսկ վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված շուրջ 19 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս:

 

 

ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը գողանալու դեպքի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հիշեցնենք, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում վանդալիզմի դեպք է գրանցվել: Պոկել ու գողացել են Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի դիմաքանդակը։

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր: Մասնավորապես, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների եւ անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների, հրացանի, թմբուկավոր ատրճանակի եւ ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների ու սվին-դանակի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաեւ Արագածի բաժնի ծառայողները. արդյունքը՝ թմբուկավոր ատրճանակի, հրացանի եւ փամփուշտների կամավոր հանձնում։ Ապարանի բաժնում եւս արձանագրվել է հրացանի եւ փամփուշտների կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների եւ վետերանների բացատրական աշխատանքի։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

 

 

ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Երեւանի բնակիչ Ա.Ա.-ն 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Facebook» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես «Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության» աշխատակից, խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վստահությունը չարաշահելու եղանակով եւ ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ օգնություններ առաքելու պատրվակով գումարներ է հափշտակել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Ա.-ից՝ 7600 դրամ, Դ.Ա.-ից՝ 15000 դրամ, Ա.Հ.-ից՝ 7600 դրամ, եւ Պ.Ղ.-ից՝ 7600 դրամ, ընդհանուր՝ 37800 դրամ գումար։ Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է Ա.Ա.-ի կողմից, ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։

 

 




Լրահոս