ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ Columbia Records-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Snap երգի՝ համաշխարհային հիթ շքերթներում առաջատար հորիզոնականներ զբաղեցնելուց հետո «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը հայտնել է եւս մեկ ձեռքբերման մասին։ Երգչուհին պայմանագիր է կնքել Columbia Records ընկերության հետ: Կիսվելով իր՝ եւս մեկ իրականացած երազանքով՝ Ռոզան կրկին կոչ է արել իր հետեւողներին չհանձնվել ու գնալ երազանքների հետեւից. «Անգամ իմ ամենահամարձակ երազում չէի կարող պատկերացնել, որ մի օր կասեմ սա, բայց ես այսուհետ  Columbia Records-ի հետ պայմանագիր կնքած արտիստ եմ։ Այս ստուդիան տուն է իմ կուռքերից շատերի համար։ Իմ կյանքն ավելի արագ փոխվեց, քան ես կպատկերացնեի։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ աջակցեցիք Հայաստանի սրտում գտնվող փոքրիկ քաղաքից եկած աղջկան եւ որ սիրեցիք ու լսեցիք Snap-ը։ Այնքան ուրախ եմ, որ այս երգը միավորել է մեզ. հիմա ես պատրաստ եմ մեր ուղեւորության հաջորդ փուլին։

 

Հիշեք՝ անգամ եթե ամեն ինչ ձեր դեմ է, եւ ձեր նպատակներն անհնարին են թվում, ու այն, ինչ անում եք, ամենաճիշտ բանն է թվում, ուրեմն շարունակեք դա անել, քանի որ աշխատասիրությունն ու վճռականությունը, ի վերջո, պարգեւատրվում են»,-գրել է երգչուհին։

Վանաձորում ծնված 22-ամյա Ռոզա Լինը իր հեղինակային Snap երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2022»-ին, որտեղ զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, սակայն մրցույթից հետո Ռոզայի՝ անկեղծ էմոցիաներից ստեղծված երգը նրան հասցրել է համաշխարհային հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներ։ Երգը ակտիվորեն կիրառվում է նաեւ տիկտոկյան ու ինստագրամյան մի շարք հոլովարկերում, որոնցից շատերն ունեն միլիոնավոր հավանություններ։ Ինչ վերաբերում է Columbia Records-ին, այն պատկանում է Sony Records Entertainment ընկերությանը։ Այս լեյբլի ներքո ձայնագրվել են այնպիսի արտիստներ ու խմբեր, ինչպիսիք են Ադելը, Բեյոնսեն, AC/DC-ն, Aerosmith-ը, Դեւիդ Բոուին, Մրայա Քերին, Pink Floyd-ը, Ֆրենկ Սինատրան, Բարբարա Սթրեյզանդը եւ այլք։

 

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԼՍՈՒՄՆԵՐ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ  «Օտտավիո Զինո» (Ottavio Ziino) միջազգային օպերային մրցույթի նախաձեռնողների համագործակցության արդյունքում  21-րդ մրցույթի լսումներն անցկացվում են օպերային թատրոնում:

 

Լսումները մեկնարկել են օգոստոսի 2-ին:

Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ «Օտտավիո Զինո» 21-րդ միջազգային լիրիկական մրցույթի լսումները Հայաստանում անցկացնելն ունի գերագույն նպատակ՝ աշխարհին տեսանելի դարձնել հայ տաղանդավոր օպերային արտիստներին, ինչպես նաեւ մաս կազմել նման բարձր նշանաձող սահմանած միջազգային մրցույթի։

«Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նպատակասլաց գնում է այդ ճանապարհով»,- շեշտում է նա:

2002 թվականից «Il Villaggio della Musica» մշակութային ասոցիացիան Իտալիայում՝ Հռոմում՝ մելոդրամայի հայրենիքում եւ բնօրրանում, հիմնադրել է «Օտտավիո Զինո» միջազգային օպերային մրցույթը, որը կրում է հայտնի դիրիժորի, ծագումով սիցիլիացի կոմպոզիտորի անունը։ Մինչ օրս մրցույթին մասնակցել է շուրջ 6000 օպերային երգիչ ամբողջ աշխարհից։  C.L.I.O.Z. -ի հաղթողների թվում են Ջեսիկա Պրատը, Մարինա Ռեբեկան, Լուչիանո Գանցին, Անժելա Նիսին, Կլաուդիո Սգուրան, Տոշակի Մուրակամին, Սիմոնե Պիացոլան եւ այլք: Միջազգային օպերային մրցույթն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը Հռոմում՝ Ghione Theatre-ի հոյակապ միջավայրում: Ամեն տարի ժյուրիի կազմում ընդգրկվում են հեղինակավոր օպերային թատրոնների տեսուչներ եւ գեղարվեստական ղեկավարներ, օպերային երգիչներ եւ կոմպոզիտորներ:

 

 

 

75 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԱՌԱՋԱՐԿ

Լոնդոնի «Չելսին» «Լեսթեր Սիթիի» 21-ամյա պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի համար առաջարկել է 75 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել։ «Լեսթեր Սիթին» Ֆոֆանային առայժմ համարում է անփոխարինելի ֆուտբոլիստ եւ մինչեւ հաջորդ ամառ չի քննարկի նրա տրանսֆերը: Ֆոֆանան ցանկանում է տեղափոխվել գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմ, որպեսզի հանդես գա Չեմպիոնների լիգայում։ Ֆոֆանան 2020թ. հոկտեմբերին է ֆրանսիական «Սենթ Էթիենից» տեղափոխվել «Լեսթեր Սիթի», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։

 

 

 

ԱՐՏԻՍՏԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան Ալեքսանդր Ֆիլիպենկոն շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում։ Հոսպիտալացման պատճառը եղել է կորոնավիրուսային վարակը։ 77-ամյա արտիստի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Հստակեցվում է, որ դերասանն ունի նաեւ սրտի քրոնիկ խնդիրներ, մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անբավարարություն եւ նախասրտերի ֆիբրիլացիա։ Նախնական տվյալներով՝ Ֆիլիպենկոյի մոտ հայտնաբերվել է թոքաբորբի նախնական դրսեւորում։

 

 




Լրահոս