ԴԻԼԻՋԱՆԸ, ԴԵԼԻՋԱՆՆ ՈՒ ԿԻԿԱԲԻՁԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքն ու Իրանի Կենտրոնական նահանգի Դելիջան քաղաքը կդառնան քույր քաղաքներ: Դելիջանը իր հարակից 100 գյուղերով ունի 120 հազար բնակիչ: Բարեկամության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի 18-ին` Իրանի Կենտրոնական նահանգի պատվիրակության` Դիլիջան կատարած այցի ժամանակ: Իրանական պատվիրակությունը ղեկավարել է Կենտրոնական նահանգի նահանգապետ Շաբանի Ֆարդը: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ դեռեւս ճշտված չէ, թե որտեղ կստորագրվի երկու քաղաքների բարեկամության եւ համագործակցության համաձայնագիրը` Դիլիջանո՞ւմ, թե՞ Իրանում` Տավուշի մարզի պատվիրակության կատարելիք այցի ժամանակ:  Իրանական կողմը նաեւ ցանկություն էր հայտնել որեւէ բանկի մասնաճյուղ բացել Դիլիջանում: Քաղաքապետ Ա.Սանթրոսյանն ասաց, որ դրա համար իրանցի գործարարները պետք է ՀՀ Կենտրոնական բանկի հետ որոշակի խնդիրներ հստակեցնեն: Նկատնք, որ Դիլիջանի բարեկամների ցանկն ընդլայնվում է: Օրերս քաղաքի 467-ամյակի կապակցությամբ Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Վախթանգ Կիկաբիձեին: Քաղաքապետ Սանթրոսյանը ավագանու այդ որոշումը Կիկաբիձեին հանձնել է Թբիլիսիում` Հավլաբարում, «Միմինո» ֆիլմի հերոսների եւ ռեժիսոր Գեորգի Դանելիայի արձանախմբի բացման ժամանակ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս