ԹԱՆԿ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանց պետական նշանակության որեւէ միջոցառման ու զորահանդեսի. այսպես գլխիկոր է Հայաստանի երրորդ Հանրապետությունը բոլորում 31-ամյակը: Երեք տասնամյակների մեջ սա թերեւս առաջին դեպքն ու տարին է, որ այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունը Հայաստանը պարզապես չի տոնում: Կառավարությունից դեռ օրեր առաջ էին հաստատել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով` հետաձգվել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Խոսքը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության մասին է, որն ասես ոչ թե անկախությունն արժեւորող միջոցառման, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի բենեֆիսի նմանվող երեկույթ լինի: «Այլ միջոցառումներ եւս նախատեսված չեն»,- ասում են գործադրից:

Ազգային ժողովի նախագահությունը գործադրի գործընկերներին է հետեւել ու նույնպես ոչինչ չի նախաձեռնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

«ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: ՀՀ ինքնիշխանությունը, ընդհանրապես անկախությունը, քննարկման ենթակա լինել չեն կարող»,- օրերս խորհրդարանում նման բարձրագոչ հայտարարությամբ հանդես եկող Փաշինյանի իշխանության օրոք, փաստորեն, անտեսվում է Անկախության տոնը, որ  ձեռք է բերվել ավելի քան յոթդարյա պետականություն չունենալուց հետո: Եւ որեւէ կերպ չնշելը, թեկուզ փոքրիկ շքերթի կամ այլ ձեւաչափով, պարզապես խայտառակություն է, ինչին, ցավոք, հայ հասարակությունը համակերպվում ու հանդուրժում է: Անկախ ամեն ինչից, Հայաստանը, այո, արյան, զրկանքների ու թանկ գնով ձեռք բերված Անկախություն պետք է ունանա ու դարեր շարունակ տոնի այն, հետեւաբար՝ շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան:

 

 

 

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում: «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բավականին տարակուսելի է, եթե հաշվի առնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո արդեն եղել են դեպքեր, երբ Հայաստանը զենք է ձեռք բերել եւ այն էլ՝ անհատի միջոցով: Խոսենք փաստերով. ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Դավիթ Գալստյանն արտերկրում գրանցված եւ իրեն պատկանող ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար պետք է մատակարարեր 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն, նախատեսված զինատեսակի փոխարեն, խաբեության եղանակով ՊՆ-ին մատակարարվել են 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական եւ տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են ՊՆ-ի կողմից պատվիրված զինատեսակներին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 83 հազար դոլար: Այսինքն, հեղափոխությունից հետո, ամեն դեպքում, սպառազինություն ձեռք է բերվել, չնայած՝ անորակ: Նշանակում է, որ սա, փաստացի, Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է եւ նա խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին, ասելով, որ զենք չեն կարողանում բերել:

 

 

 

 

Իրավապահ համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ տարբեր աղմկահարույց քրեական գործերով՝ փաստաբանները կապ են հաստատում նախաքննական մարմինների հետ եւ հետաքրքրվում են, թե, օրինակ, իրենց պաշտպանյալի գործով երբ են պատրաստվում նախաքննության ավարտ տալ կամ գործը կարճել, եւ նմանօրինակ այլ հարցեր: Ի պատասխան նրանց, նախաքննական մարմինների քննիչները հայտնում են, որ այս պահի դրությամբ որեւէ բան չեն կարող ասել, քանի որ Գլխավոր դատախազ է փոխվել, եւ  տարբեր քրեական գործերով կարող են նոր փոփոխություններ լինել, ուստի այս պահին քրեական գործերով որեւէ հստակություն կամ որոշում չեն կարող կայացնել: Ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն նաեւ ազդելու է աղմկահարույց քրեական գործերի ընթացքի վրա, իսկ թե ինչ փոփոխություններ են սպասվում, կհետեւենք զարգացումներին: Նշենք, որ անգամ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունն էր պաշտոնական հաղորդագրություն տարածել, նշելով՝ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել եւ ընդգծել է, որ կարեւորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։ «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձեւը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարեւոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաեւ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»:

 

 

 

Երեւանի մանկապարտեզների սաների ծնողները հայտնվել են անհարմար դրության մեջ. պատճառը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի որոշումն է: Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն որոշումն է, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում սանի՝ անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում, ըստ կրթության նախարարի որոշման՝ հարգելի չի համարվում երեխայի բացական անգամ այն դեպքում, երբ երեխան հիվանդ է եղել եւ ներկայացրել է բժշկի տեղեկանք՝ այդ մասին վկայող: Այս որոշումը ծնողների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ դժգոհություններ է ստանում մանկապարտեզների սաների ծնողներից: Բանն այն է, որ առանց այդ էլ ծնողների մեծ մասը ահռելի ջանքեր է գործադրում, որ երեխաներին տեղավորի մանկապարտեզում: Իսկ այդ տարիքի երեխաները, սովորաբար, մանկապարտեզ հաճախելու հենց երկրորդ կամ երրորդ օրն արդեն հիվանդանում են եւ ստիպված են լինում օրերով տանը մնալ: Երեխաները՝ հատկապես մսուր մանկապարտեզ հաճախող, գտնվում են խառը իմունիտետի փուլում: Բացի այդ, վերջին շրջանում ջրծաղիկի դեպքերն են ավելացել մանկապարտեզներում, իսկ ինչպես հայտնի է՝ ջրծաղիկի բուժման ընթացքը բավականին երկար է տեւում. միայն 21 օր արգելքի փուլն է, երեխան պետք է ինքնամեկուսանա: Սակայն, սա հաշվի չի առնվել: Բացի այդ, պարզվեց նաեւ՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ չի քննարկվել հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարությունից ասացին, որ իրենք տեղյակ չեն եւ չեն առնչվում այդ որոշման հետ: Մինչդեռ, պետք է երեխաների բացակայությունների սահմանափակումը առաջնահերթ քննարկվեր հենց առողջապահության նախարարության հետ՝ հարցը դիտարկելով, հիվանդությունները, վիրուսները եւ այլ խնդիրները հաշվի առնելով: Մանկապարտեզների սաների ծնողները պահանջում են, որ փոփոխություններ արվեն, եւ հրամանը նախկին տեսքին վերադառնա, այսինքն՝ 75 աշխատանքային օրերի բացակաների համար, երբ հիվանդության վերաբերյալ ներկայացվի բժշկի տեղեկանք, ապա բացակաները հարգելի համարվեն:

 

 

 




Լրահոս