«Հայկական ժամանակում» «հավաստի աղբյուր» ստորագրությամբ ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանն է հոդվածներ հրապարակում: Մի կողմ թողնելով դրանց բովանդակությունը, իրապես հավաստի լինելը՝ կենտրոնանանք հենց ձեւի վրա. Փաշինյանն իր ընտանիքին պատկանող թերթում է իր համար անհրաժեշտ նյութերը հրապարակում:
Մարդ, որ լրագրության մեջ լինելով, տարիներ շարունակ, այդպես էլ չունի լրագրողական դաշտում մի ընկեր, որին կխնդրեր գոնե այլ ԶԼՄ-ում հրապարակել իր համար կարեւոր հոդվածների շարքը: Վաղուց Նիկոլը լրագրողական դաշտի համար դարձել է թշնամի՝ հենց իր հին ու նորի ջրբաժանով: Դրա համար էլ այսօր ստիպված անձամբ է հրապարակում՝ իրեն պատկանող լրատվամիջոցում:
Իհարկե, իշխանություն դառնալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դե ֆակտո ունի արդեն մի քանի լրատվամիջոցներ՝ այդ թվում եւ հեռուստաընկերություն, բայց Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը նույնն է մնում. «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրները:
Իսկ թե կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի ստորացուցիչ պահանջները հայ հանրությանը մատուցելը, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անկարողությունը անվերջ ամրացնելը հասարակության մեջ, դա խոսակցության այլ թեմա է: