Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում սեպտեմբերի 14-ի՝ խմելու ջրում սնդիկի թույլատրելի շեմի գերազանցման դեպքը դեռ շարունակում է առեղծված մնալ։
Դա ընգծում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ «այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ»։ Երեկվա ճեպազրույցում Փաշինյանը Ծավի բնակիչներին խնդրում էր մի փոքր էլ սպասել միջազգային լաբարատորիաներ ուղարկված ջրի նմուշների փորձաքննության վերջնական արդյունքերին՝ նշելով, որ ըստ նախնական արդյունքերի «մեծ ռիսկեր չկան»։
ArmLur.am-ը կապ է հաստատել Ծավի համայնքապետ Արմեն Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե հիմա ինչ վիճակ է տիրում համայնքում և բնակիչները ինչ ջրից են օգտվում։ Նրա փոխանցմամբ բնակավայրում վիճակը դեռ անորոշ է․
«Ես ոչ մի պաշտոնական տվյալ չեմ ստացել, կամ համայնքապետարանը ոչ մի պաշտոնական տվյալ չի ստացել, թե ինչ է կատարվում ջրերում կամ ինչու է կատարվում»։
Չնայած նրան, որ սեպտեմբերի 14-ից Առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտագործել համայնքի ջրամատակարարման ջուրը՝ ո՛չ խմելու, ո՛չ էլ կենցաղային նպատակներով՝ այն հարցին, թե հիմա ինչ ջրից են օգտվում Ծավի բնակիչները, համայնքապետը պատասխանեց․
«Ով ուզում է իրանց ծորակի ջրերից է օգտվում, ով ուզում է խանութից է գնում ջուրը, ով էլ ուզում է համայնքի կողմից մատակարարված ջրից է օգտվում»։
Ինքը՝ Ալեքսանյանը, նշում է, որ շարունակում է օգտվել ջրից ինչպես առաջ՝ ասելով «ես անձամբ աղբյուրից խմել եմ, խմում եմ, և խմելու եմ»։
Աննա Հանյան




























