2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ գտնվել ՀՀ քաղաքացիներ: Եվ սա այն դեպքում, երբ 2021 թ. հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ գլխավորում էր ՔՊ ցուցակը, հայտարարել էր. «Դուք նաեւ պետք է գիտակցեք, որ գերիների հարցը էսօր ուզում են մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, եւ այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը…»,- ասել էր Փաշինյանը: Սակայն իրականությունն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանում պահվող գերիների թեմայի մասին խոսելուց եւ անգամ պատերազմից երկու տարի անց, Ադրբեջանում շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ, իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը պարզապես նախընտրական հնարք էին:
Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սեւ ագռավի» է վերածվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախկին նախարարը վաղո՜ւց չի շփվում թիմակիցների հետ ու, ասես, մերժված լինի բոլորի կողմից: «Նա այժմ ընդգծված մտերիմ է Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ: Ու դա պատահական չէ: Իսկ Տիգրանյանն իր հերթին Հակակառուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ու վերջինիս եղբոր՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատրյանի հետ է մտերիմ: Հաշվի առնելով մտերմությունների այս շղթան ու միմյանց փոխկապակցված լինելու հանգամանքը՝ չի բացառվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Թորոսյանի ձկնաբուծարաններ ունենալու թեման այդքան էլ խոր չքննի»,- «Ժողովուրդ» օրաթերթին հուշեց իշխանամերձ աղբյուրներից մեկը: Նկատենք, որ Թորոսյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները էլ ավելի են լարվել կուսակցության՝ ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած վարչության նիստից ու արձանագրված խայտառակ ընտրակեղծիքներից հետո: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականերին դուր չի եկել, որ Թորոսյանը հասկացել ու հանձն է առել մինչեւ վերջ բացահայտելու ընտրությունների հետ կապված խառնաշփոթը: Եվ այժմ հետաքրքիր է, թե սեփական թիմակիցների հետ ունեցած առճակատումը հօգուտ ո՞ւմ է ավարտվելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի գնացել Քննչական կոմիտե՝ 44 օրյա պատերազմի առիթով հարուցված քրեական վարույթով հարցաքննության. ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն են գնացել Վարչապետի մոտ՝ նրան հարցաքննելու: «Ժողովուրդ» օրաթերթն իր այս տեղեկությունը փորձեց պարզել հենց Քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հաղորդեցին. «Հայտնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի մայիսի 4-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի՝ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում։ Սույն քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր պահանջների պահպանմամբ»: Նշենք, որ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում վարչապետ Փաշինյանը որպես վկա է հարցաքննվել: Նկատենք, որ 2020թ. հունվարի 25-ին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ (այն ժամանակ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խուսափում լրագրողների հետ ուղիղ շփումներից), մեծախոսում էր, թե ինքն այնքան հասանելի է, որ Հատուկ քննչական ծառայությունից հրավեր է ստացել ու վեր է կացել, գնացել հարցաքննության: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել: Ի դեպ, ինձ երեկ էլ հրավիրել են ՀՔԾ, եւ հարցաքննվել եմ նաեւ այնտեղ»,- ասում էր Փաշինյանը: Այսօր, սակայն, իր իսկ բառերով ասած՝ իրավիճակ է փոխվել, եւ արդեն քննիչներն են գնում վարչապետի մոտ՝ հարցաքննելու:
«Կալանք տվող» դատավորներից ոմանք պահեստային դատավորներ կլինեն. դատարանը փակելու հետքերով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսպես ասած «կալանք տվող» դատավորներից ոմանց «տուն ուղարկելու» փոխարեն կպահեն որպես պահեստային դատավորներ: Դատական համակարգում ակտիվ շարունակվում է «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացը, եւ դատական համակարգում նշել են, որ կան դատավորներ, որոնց կարելի է տուն չուղարկել, այլ պահել որպես պահեստային դատավորներ, որպեսզի եթե որեւէ գործով դատավոր փոխվի, պահեստային դատավորով փոխարինեն: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը եւ իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը եւ եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձեւավորված դատարանը: Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, եւ օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները: ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, եւ ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք «ապահովելու» հարցում: «Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, եւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին: Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը: