ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության եւ զարգացման 2023-2027թթ. ռազմավարությունը եւ ռազմավարության գործողությունների պլանը:

 

Մշակույթի պահպանության եւ զարգացման 2023-2027թթ. ռազմավարությունը  սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող եւ ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները եւ դրանց հասնելու արդյունավետ ճանապարհը։

Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է ոլորտի առջեւ ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու եւ մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։

Ռազմավարության համար հիմնաքարային են մշակութային ժառանգության պահպանության, հասարակության եւ անհատի՝ մշակութային կյանքին մասնակցության եւ ստեղծագործական ազատության իրավունքի ապահովումը, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությունը, որով սահմանվում են իրավական երաշխիքները։

Ռազմավարության հիմքում ընկած են ազգային ինքնության եւ արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային եւ համամարդկային արժեքների հետ զուգորդումը եւ հաղորդակցումը, համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի եւ արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձեւերի խրախուսումը: Առանցքային են մշակույթի տնտեսականացումը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումն ու  կարողությունների զարգացումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը, պետություն-մասնավոր հատված համագործակցության փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդումը,  աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը:

Ռազմավարության կարեւորագույն ուղերձներն են՝

l մշակույթն ազգային ինքնության կայացման եւ համընդհանուր արժեքային հենքով միջազգային համակեցության պայման է,

l մշակույթն արժեքահեն քաղաքացու կրթության եւ դաստիարակության գրավականն է, մարդկային կապիտալի զարգացման կարեւորագույն պայմանը,

l մշակույթն ազատ եւ երջանիկ քաղաքացու ձեւավորման պայման է,

l մշակույթն անձի ստեղծագործական ազատության, ոգեղենության արտահայտման եւ ինքնադրսեւորման միջոց է,

l մշակույթը հանրային համերաշխության եւ բարեկեցիկ հասարակության ձեւավորման երաշխիք է,

l մշակույթը միջազգային համագործակցության ընդլայնման գործոն է:

Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության եւ ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի եւ մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա:

Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու նպատակները, ինչպես նաեւ նախանշում է բարեփոխումներից ակնկալվող արդյունքները եւ ազդեցությունը անհատի եւ հասարակության վրա։

Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային՝ ընդգրկելով մասնագիտական հանրության եւ միջազգային կազմակերպությունների առաջարկները։ Միաժամանակ փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին եւ ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրեւ առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։

Ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը մշակվել են՝ ի կատարումն 2021 թվականի նոյեմբերի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1902-Լ որոշման հավելված 1-ի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 1-ին կետի 1.2 ենթակետի:

Քաղաքացիները եւ շահառու խմբերն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչեւ ս.թ. դեկտեմբերի 21-ը:

 

 

 

 

ԿՈՐՑՐԵԼ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կորցրել է առաջատարի դիրքն ամերիկյան Forbes պարբերականի Real Time Billionaires (իրական ժամանակում միլիարդատերեր) վարկանիշային ցուցակում։ Նա վերջին մեկ օրվա ընթացքում կորցրել է 4,5 մլրդ դոլար կամ իր ընդհանուր կապիտալի 2,49%-ը: Նրանից առաջ Է անցել Louis Vuitton Moet Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն Ֆրանսիայից: Ըստ Forbes-ի տվյալների՝ Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիրի կարողությունը գնահատվում է 176,8 միլիարդ դոլար, իսկ LVMH-ի ղեկավարինը՝ 188,6 միլիարդ դոլար։ Նախորդ օրվա ընթացքում Մասկը կորցրել է 4,5 մլրդ դոլար կամ իր կապիտալի 2,49%-ն այն դեպքում, երբ Առնոն, ընդհակառակը, իր կարողությունն ավելացրել է 2,7 մլրդ դոլարով (+1,44%)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել Է հնդիկ մագնատ Գաուտամ Ադանին, որն այս տարի շատ մեծ արագությամբ բարձրացել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նրա կարողությունը գնահատվում Է 134,5 մլրդ դոլար: Ադանիի Adani Enterprises Ldt ընկերության բաժնետոմսերն այս շաբաթ հասել են ռեկորդային բարձր մակարդակի, իսկ նրա խմբի որոշ ընկերությունների բաժնետոմսերը 2020 թվականից ի վեր աճել են ավելի քան 1000 տոկոսով: Ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում Է 115,7 մլրդ դոլար, ցուցակում զբաղեցնում Է չորրորդ հորիզոնականը: Նա Amazon.com ինտերնետ-ընկերության հիմնադիրն Է, Blue Origin օդատիեզերական ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, The Washington Post հրատարակչական տան սեփականատերը: Ցուցակում առաջատարների հնգյակը եզրափակել Է ամերիկացի ձեռնարկատեր, աշխարհի խոշորագույն եւ առավել հայտնի ներդրողներից մեկը՝ Ուորեն Բաֆեթը՝ 108,3 մլրդ դոլար կարողությամբ: Նա Berkshire Hathaway ամերիկյան հոլդինգային ընկերության սեփականատերն է: Իսկ հայտնի ձեռնարկատեր եւ հասարակական գործիչ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը զբաղեցրել Է վեցերորդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում Է 106,9 մլրդ դոլար:

 

 

 

 

ՌԻՎԱԼԴՈՆ ՎՍՏԱՀ Է

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Ռիվալդոն վստահ է, որ Արգենտինայի հավաքականը կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը։ «Աշխարհի առաջնության եզրափակչում Բրազիլիան հանդես չի գա, եւ ես կերկրպագեմ Արգենտինային։ Մեսին արդեն վաղուց արժանի է աշխարհի չեմպիոնի կոչմանը։ Աստված ամեն ինչ գիտի եւ կիրակի կպարգեւի նրան այդ տիտղոսը։ Լեո՛, դու արժանի ես այդ տիտղոսին քո ցուցադրած հրաշալի ֆուտբոլի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռիվալդոն։ Կիսաեզրափակչում Արգենտինան 3:0 հաշվով հաղթել է Խորվաթիային։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը դեկտեմբերի 14-ին կվիճարկեն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականները։

 

 




Լրահոս