ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊՆԴՈՒՄ Է ԻՐ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն  է տարածել, որ այդ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում  ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով  եւ 170-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով  քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում  ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ  տվյալների հիման վրա կատարված քննչական եւ վարույթային գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Իջեւան քաղաքի նախկին  քաղաքապետ Վարդան Ղալումյանը,  նախապես տեղյակ լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն  իր կարիքների համար ցանկանում  է ձեռք բերել Իջեւանի նախկին  քաղաքային գործկոմի  ենթակայության տակ գտնվող  շինվերանորոգման վարչության տարածքը, հնարավորություն  ունենալով  այն  անհատույց  տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը մինչեւ վերջինիս  կողմից համապատասխան ընթացակարգով  համայնքին   դիմում ներկայացնելը, 2013-2014թթ. ընթացքում շահադիտական նպատակով  նշված տարածքը  բաժանել  է 4 մասի եւ օտարել  իր հետ փոխկապակցված  ֆիզիկական անձանց։ Վերջիններս  հետագայում  դրանք  անհամեմատ բարձր արժեքներով վաճառել  են ՀՀ ՊՆ-ին։

 

Պարզվել է նաեւ, որ Իջեւան քաղաքի Արցախյան փողոցի  վերը նշված հողատարածքները,  ՀՀ կառավարության 21.03.2013թ. թիվ 246-Ն եւ 19.09.2013թ. թիվ 1022-Ն որոշումներով, հանվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված չմասնավորեցվող հողերի կազմից, սակայն հիշյալ որոշումների ընդունման համար  Իջեւանի համայնքապետարանից կառավարություն  են  ներկայացվել  իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներ։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային  քննչական  վարչության  Դիլիջանի  քննչական  բաժնում,  ՀՀ քրեական օրենսգրքի  441-րդ  հոդվածի  2-րդ մասի  2-րդ եւ 4-րդ կետերով,  445-րդ  հոդվածի 2-րդ մասով  եւ 283-րդ  հոդվածի  2-րդ մասին 1-ին եւ 2-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը քննչական ենթակայության  կարգով  ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Իջեւանի նախկին քաղաքապետ, այդ պաշտոնից 2019թ. սեպտեմբերի 5-ին հրաժարական տված Վարդան Ղալումյանը անտեղյակ էր վերոհիշյալից, իրավապահները նրան այդ մասին չէին ծանուցել։ Նա իրեն մեղավոր չի համարում, Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված, իր հետ «փոխկապակցված անձանց»  բառակապակցության մասին նշեց, որ Իջեւանը փոքր քաղաք է, բոլորն իրար ճանաչում են, ինքը ՏԻՄ ընտրություններին շուրջ  8000 մասնակցածների  6500-ի քվեները ստացել է, այդ բոլոր  մարդկանց կարելի է իր հետ փոխկապակցված համարել։ Նա հերքեց այն, որ ինքը կառավարություն է ներկայացրել իրականությանը  չհամապատասխանող չհիմնավորումներ՝  ասելով, որ Տավուշի մարզպետարանը, համապատասխան նախարարությունները ստուգել, հաստատել են այդ հիմնավորումների իսկությունը։ Վ. Ղալումյանը հայտարարեց, որ ինքը չի օտարել համայնքին պատկանող հողամասերը, դա օրենքի սահմաններում արել է համայնքի ավագանին, աճուրդներին, հրապարակային սակարկություններին կարող էր մասնակցել  նաեւ ՀՀ ՊՆ-ն։ 2019 թվականից Վ. Ղալումյանի նկատմամբ այլ քրեական գործ է քննվում։ Նա հայտնեց, որ այդ գործը ո՛չ կարճվում, ո՛չ էլ ընթացք է ստանում, արդեն 3 տարի այդ գործի պատճառով  ինքը  չի կարողանում կարեւոր գործերով  Հայաստանից դուրս գալ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարբեր քաղաքացիներից կեղծ 100-դոլարանոցներով գնումներ արած երիտասարդը ձերբակալվել է։

Այս մասին տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու եւ պահելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին 19 հատ 100-դոլարանոց, 2՝ 20,000-դրամանոց, եւ 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը եւ հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել էին Արաբկիրի քննչական բաժին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 01:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ List.am կայքում հայտարարություն էր տեղադրել իր երկու «Այֆոն» բջջային հեռախոսները վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 12-ին հանդիպել է մի անծանոթ երիտասարդի, որը, հեռախոսների դիմաց չարաշահելով իր վստահությունը, վճարել էր 3000 դոլար կեղծ թղթադրամներով:

Պարզվել է, որ նշված արարքը կատարել էր դեկտեմբերի 16-ին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 02:00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել Ղուկասավան գյուղի մի բնակիչ: Նա List. am կայքում հայտարարություն էր տեղադրել ipone pro 14 մոդելի բջջային հեռախոսը վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին հեռախոսը գնելու նպատակով նրան էր զանգել մի երիտասարդ: Հանդիպել էին, եւ վճարելով 1400 դոլար՝ երիտասարդը գնել էր հեռախոսը, իսկ հետագայում ղուկասավանցին հասկացել է, որ 14 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամները կեղծ են:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել էր նույն՝ դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

 

 

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ

ՀՀ կառավարությունն առաջարկում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանից 6 ամսով կարգելվի ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արեւածաղկի սերմի, արեւծաղկի ձեթի արտահանումը: Ըստ Էկոնոմիկայի նախարարության հիմնավորման՝ այս ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը:

Տեղեկացնենք, որ այն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Բացի այս, նշված ապրանքների մասով արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ աննշան է։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

51 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Հրանտ Ղալթախչյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Իջեւանի մասնաճյուղի կառավարիչ, համաձայնության գալով  նույն բանկի ոսկերիչ Գարիկ Մալաքյանի հետ, 2020թ. օգոստոսից մինչեւ 2021թ.  մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով  7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի եւ  Մարիետա Ստեփանյանի անվամբ  2,761,1 գրամ ընդհանուր քաշով 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն գրավադրել  են ընդհանուր  691,6 գրամ, որից 222.1 գրամը՝  583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը՝  այլ  մետաղներից պատրաստված իրեր, որոնց քանակի եւ  տեսակի վերաբերյալ  Գարիկ Մալաքյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել  են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք  օգտագործելով՝  ստացել են ընդհանուր  51.063.000 ՀՀ դրամ, ինչի հետեւանքով  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառվել  է առանձնապես խոշոր չափի՝  51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Հրանտ Ղալթախչյանին եւ  Գարիկ Մալաքյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  277 հոդվածի  2-րդ մասի  2-րդ կետով եւ  457 հոդվածի 2-րդ մասով, իսկ բանկի  նույն  մասնաճյուղի գանձապահ Ալլա Բեկնազարյանին՝  46- 277 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով։ Հրանտ Ղալթախչյանի  նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել գրավը, Գարիկ  Մալաքյանի  նկատմամբ՝ չբացակայելու  մասին ստորագրությունը, Ալլա Բեկնազարյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  Իջեւան քաղաքի նստավայրում նշանակված  է  դեկտեմբերի 20-ին։

 

 

 

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը դեկտեմբերի 14-ին կայացրած  իր որոշումներով     կադրային նշանակումներ է արել։ Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների մեծամասնությունը վերանշանակվել է այդ պաշտոնում։ Պաշտոնից ազատվել են  Վարագավան, Չինչին, Նորաշեն, Տավուշ գյուղերի վարչական  ղեկավարներ Սամվել Եղիկյանը, Խորեն Ադամյանը, Արտակ Մխիթարյանը, Արթուր Հովհաննիսյանը։  Վարագավանի վարչական ղեկավար է նշանակվել  Արմեն Աբրահամյանը, Չինչինի վարչական  ղեկավար Կարեն Դարբինյանը, Նորաշենի վարչական ղեկավար Գոռ Աբրահամյանը, Տավուշ գյուղի  վարչական ղեկավար Թաթուլ Արզումանյանը։  Պաշտոնից ազատվել են նաեւ Նավուր գյուղի վարչական ղեկավար Արամ  Նիգոյանը,  Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ  Սամվել Հովսեփյանը,  համայնքի ղեկավարի օգնական Արտակ Պապյանը։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս