2022 նոյեմբերի 23-ին ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարանը՝ ընդդեմ 44 –օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին,
Վահիդ Սահակյանին,Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Ղազարյանին ենթարկել ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության:
Նկատենք, որ ոստիկանությունը բավականին ակտիվ կերպով մտել է դատարան եւ բարձրացնում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ ով պետք է պատասխան տա ծնողների նկատմամբ բռնության դեպքով:
Այդ միջադեպից անցել է 5 ամիս եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց ՀՀ նախկին ոստիկանապետ ներկայումս Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրաժարական չի տվել եւ այս պայմաններում դատի է տվել ծնողներին, սա է Հայաստանի արդարադատությունը: Իսկ թե ինչ կանի դատարանը, կհետեւենք զարգացումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործի կասեցման մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կամ վարույթ է հարուցվել, ոստիկանությունը որոշել է Ներքին անվտանգության վարչությունում առկա քննությունը կասեցնել մինչեւ այդ քրեական գործի ավարտը:
Այսինքն՝ Քննչական կոմիտեի քննության ավարտից հետո ոստիկանության ղեկավարությունը իր համապատասխան քայլերը կիրականացնի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջադեպից միայն մի քանի օր անց հարուցված քրեական գործով մինչեւ օրս որեւէ ոստիկան կամ հրաման տվող սպա պատասխանատվության չի ենթարկվել: Նշենք, որ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր:
Թերեւս չի էլ լինի պատիժ, քանի որ այդ ծեծն ակնհայտորեն ուներ քաղաքական հրահանգ ու այդ մասին վկայում է շուրջ երկու ամիս տեւող քննությունը, որի արդյուքում մինչ օրս չկա մեղադրյալ:
Եվ ահա այսօր Վարչական դատարանում Գարիկ Գալեյանի գործով առաջին նիստն է:
Քնար Մանուկյան