ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի քաղաքացին Մեղրիի մաքսակետով փորձել է անցկացնել մոտ 0,5 կգ թմրամիջոց. հասցեատերը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման և կանխման ուղղությամբ։

Օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ, և որոշում է կայացվել իրականացնել անձնական մաքսային զննում։

Արդյունքում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն ԻԻՀ քաղաքացի Ֆ. Ա.-ի հագուստի տակ թաքցված փաթեթներից, ինչպես նաև վերարկուի գրպանում առկա փաթեթներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մոտ 100 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի և մոտ 344 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։

Հայտնաբերված թմրամիջոցները, ինչպես նաև այն ՀՀ տեղափոխած անձին Հարավային մաքսատուն-վարչությունն անմիջապես փոխանցել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն՝ հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Նույն օրը ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Տեղեկություններ են ձեռք բերվել, որ ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերված թմրամիջոցները վերջինս պետք է փոխանցի այլ անձանց Գորիս-Երևան մայրուղու հարակից տարածքում և Երևան քաղաքի տարբեր հատվածներում:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել նաև, որ ԻԻՀ քաղաքացու՝ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած հիշյալ թմրամիջոցները ՀՀ-ում պետք է ստանան ոմն Է. Պ.-ն և Ա. Թ.-ն:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մասնավորապես՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հիշյալ թմրամիջոցի զանգվածները մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների վերահսկողության ներքո տեղադրվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի, Արտաշատ քաղաքի կամրջի հարակից տարածքում, որից հետո՝ հիշյալ զանգվածները ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ երկու քաղաքացի, ինչպես նաև՝ Ուկրաինայի մեկ քաղաքացի, այնուհետև վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:




Լրահոս