ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա կո՞ղմ քվեարկեց Գլխավոր դատախազության միջնորդությանը, որպեսզի իր շուրջ իրավապահների գործընթացը դադարի:
Այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փակ գաղտնի քվեարկության ժամանակ միաձայն կողմ քվեարկեցին ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններին։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության: Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն առայժմ իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը:
Բանն այն է, որ այս տարվա հունիսին Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պարզելու, թե արդյոք 2020-ին՝ քովիդի համավարակի ժամանակ, պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել։ Քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ յուրացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական կեղծիք։ Առայժմ կասկածյալներ ու մեղադրյալներ չկան։
Քրեական գործը հարուցելու առիթ է դարձել Հաշվեքննիչ պալատի հրապարակած զեկույցը, որը, ուսումնասիրելով 2020-ին՝ քովիդի ամենաթեժ շրջանում Առողջապահության նախարարության գործունեությունը, եզրահանգել է՝ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային եւ արդյունավետ չեն ծախսվել։ 2020-ին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր տխրահռչակ Արսեն Թորոսյանը, որն այժմ իշխող ուժի պատգամավոր է, ՔՊ վարչության անդամ: Եւ հասկանալով գլխի գալիքը՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի միջնորդությամբ Թորոսյանը ընկերություն է անում Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հետ:
Մամուլը գրել է այս մասին. Թորոսյանը թերեւս նպատակ ունի հասնել այն բանին, որ քովիդի դեմ պայքարի շրջանակներում իրականցված յուրացումները ամբողջ ծավալով չբացահայտվեն»:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան