Այսօր 7 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7 հիվանդ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 9-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոնում» 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։




Լրահոս