Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր քննարկել է ՌԴ արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ։
«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»․- փոխանցում է վարչապետի գրասենյակը։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Ռուսական կողմը հանդիպման մասին առայժմ չի հաղորդում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին այսօր նաև ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ ԱԽ գրասենյակի հաղորդագրության, նրանք ևս քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամ:
Գրիգորյանը և Խովաևը քննարկել են նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացք: