Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Նշվում է, որ Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին, տեղեկացրել իր հերթական բարեգործական ծրագրի մասին՝ նախատեսված շրջափակման ժամանակ Արցախում ծնված երեխաների և նրանց ընտանիքների համար:
Ծառուկյանը հայտնել է, որ Արցախի հետ կապված բարեգործական նախաձեռնություններն այդքանով չեն սահմանափակվելու:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Արցախի ժողովրդին հերթական անգամ գործուն աջակցություն ցուցաբերելու համար։
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ նման հայրենանվեր ձեռնարկումները, հատկապես՝ այս ծանր ու դժվարին օրերին, անսահման ուժ են հաղորդում արցախցիներին և օգնում արժանապատվորեն ու տոկունությամբ դիմակայել բոլոր մարտահրավերները:
Նշենք, որ, Գագիկ Ծառուկյանի էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Արցախում շրջափակման պայմաններում ծնած բոլոր երեխաներին Ծառուկյան ընտանիքը նվիրել է ոսկե խաչեր, որոնք նախապես օրհնվել են եկեղեցում: Որպես հումանիտար օգնություն էլ Արցախ են ուղևորվելու 10 մեքենա պարենամթերք և 1 մեքենա դեղորայք: