«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, հիշյալ խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաեւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

 

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների եւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական եւ օպերատիվ-հետախուզական ծավալուն եւ համակարգված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. իր անօրինական ազդեցությունն օգտագործելով՝ մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, ինչպես նաեւ հետապնդվող նպատակներին հասնելու համար անձամբ կատարել գործողություններ: Իրենց հերթին հիշյալ խմբավորման անդամները, ստանալով Ա.Ք.-ի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը եւ ներգրավվել են դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

Մասնավորապես, 2022թ. սեպտեմբերի դրությամբ շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ սեպտեմբերի 15-ին Ա.Ք.-ն խմբավորման անդամ Ա.Թ.-ին հանձնարարել է 10.000 ԱՄՆ դոլար պարտքի վերադարձը կազմակերպելու խնդրանքով իրեն դիմած անձի պարտապանին նշված գումարով ներկայացնել իր մոտ: Կատարելով հանձնարարությունները՝ վերջինս մի քանի անգամ այցելել է պարտապանի բնակության վայր: Այդ ընթացքում Ա.Թ.-ն կազմակերպել է նաեւ պարտապանի եւ Ա.Ք.-ի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս պահանջել է առավոտյան գումարը բերել՝ հակառակ դեպքում խոստանալով խնդիրներ ունենալ իրենց հետ: Հաջորդ առավոտյան Ա.Թ.-ն, շարունակելով կատարել Ա.Ք.-ի հանձնարարությունը, չի կարողացել գտնել պարտապանին, որից հետո՝ սեպտեմբերի 17-ին, նպաստել է Ա.Ք.-ի կողմից անօրինական՝ 350.000 ՀՀ դրամ գումարը ստանալուն։

Բացի այդ, Ա.Ք.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, Հայաստանում գործող կոնյակի գործարաններից մեկի մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդի վաճառքի իրավունքին ապօրինի տիրանալու նպատակով 2022թ. սեպտեմբերի 23-ին խմբավորման անդամ Ա.Ն.-ին հանձնարարել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե հիշյալ մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդն ով է դուրս հանում եւ վաճառում, ինչպես նաեւ ում ավտոմեքենայով է խաղողի մնացորդը մասնաճյուղի տարածքից դուրս հանվում: Ա.Ն.-ն, կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար Ա.Ք.-ի հանձնարարությունը, ճշտումներ է կատարել ու վերջինիս տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, որից հետո Ա.Ք.-ն նույն օրը հանդիպել է հիշյալ գործարանի երկու աշխատակցի եւ պահանջել իրեն տրամադրել նշված մասնաճյուղում խաղողի վերամշակումից ստացված մնացորդի վաճառքի իրավունքը եւ առանց պայմանագրի մթերված խաղողի յուրաքանչյուր կիլոգրամից 20 ՀՀ դրամ օգուտը՝ սպառնալով, որ կվնասի գործարանի մասնաճյուղի գույքը, եթե իր պահանջները չկատարվեն:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, տեղեկանալով Ա.Հ.-ի կողմից այլ անձի հետ ունեցած գումարային խնդիրների մասին, խոստացել է անձամբ զբաղվել նշված մասնավոր հարցի լուծմամբ եւ այդ նպատակով իր մտերիմին հանձնարարել է Ա.Հ-ի եւ վերջինիս հարազատների հետ մասնակցել գումարային հարցերի պարզաբանումներին՝ հրահանգելով ոչ ցանկալի ելքի դեպքում ընդհատել խոսակցությունն ու հարցի քննարկումը թողնել հաջորդ օրվան քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների սահմանած «գողական» կանոններով լուծելու համար: Դրանից հետո Ա.Ք.-ն անձամբ հանդիպել է Ա.Հ.-ին եւ խոստացել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոնների համաձայն լուծել վերջինիս գումարային վեճը:

Ա.Ք.-ն ձերբակալվել է։ Հարուցված քրեական հետապնդման հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, խմբավորման անդամներ Ա.Թ.-ին եւ Ա.Ն.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական վարույթի շրջանակներում Արմավիր քաղաքում եւ հարակից գյուղերում կատարվել են միաժամանակյա 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, իսկ Ա.Ք.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել է նաեւ թմրամիջոց։ Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:

 

Մասնավորապես, տեղեկացված լինելով որդու՝ ինքնակամ շինություններով եռահարկ առանձնատուն կառուցելու հանգամանքի մասին՝  Հ. Մ.-ն միջոցներ չի ձեռնարկել դրանց շինարարությունը ժամանակին կասեցնելու, ինչպես նաեւ որդու նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, փոխարենը 2017 թվականի մարտի 13-ին որդուն հատկացրել է շինարարության թույլտվության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ, որում ձեւականորեն ներառել է արդեն իսկ կառուցված բնակելի տան շինարարական աշխատանքներն իբրեւ ապագայում իրականացված լինելու ժամկետները եւ այլ տվյալներ: Այնուհետեւ՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, կազմել եւ տրամադրել է մեկ այլ պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե, իբրեւ, շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականի մայիսի 14-ին եւ ավարտվել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին:

Արդյունքում Ա. Մ.-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները սահմանված կարգով չեն օրինականացվել, որի հետեւանքով Բերդ համայնքի բյուջե չի մուտքագրվել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա 1.197.581 ՀՀ դրամը, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), իսկ Ա. Մ.-ին՝ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ԿԵՂԾ ԳՈՐԾԱՐՔ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մակար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Դրակոնբոութի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ, նախնական համաձայնության գալով եղբոր՝ Գոռ Սարգսյանի հետ, 2022 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին շահադիտական նպատակով կազմակերպել է Արսեն Մարտիրոսյանի, Սերգեյ Ասոյանի, Դավիթ Արմենյանի, Ռաֆիկ Եփրեմյանի, Նորայր Եգորյանի, Սիլվիա Կիրակոսյանի, Վահրամ Ուրուշանյանի, Վարուժան Գեւորգյանի, Ալիկ Հովսեփյանի, Էդգար Գեւորգյանի, Գագիկ Թարվերդյանի, Մարինե Գրիգորյանի, Մարկոս Պապյանի, Արամ Արամյանի, Արմեն Հովհաննիսյանի, Սարգիս Պողոսյանի, Արշալույս Սամվելյանի եւ Հովհաննես Պապիկյանի մուտքն ու գտնվելն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը կատարվել է՝ մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր եւ տեղեկություններ ներկայացնելով, իսկ Մակար Սարգսյանը, օգտագործելով նաեւ իր կնոջ՝ Աննա Սարգսյանի անվամբ բացված հասարակական կազմակերպությունների կնիքները, այլ անձի կողմից օգտագործելու նպատակով պատրաստել է կեղծ փաստաթղթեր: Գործը դատարանում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Հայաստանի ոստիկանությունը մտադիր է քաղաքացիների մոտ գտնվող զենքերի նկատմամբ վերահսկողություն սահմանել: Այսինքն՝ ոստիկանությունը փորձում է զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնել, ոստիկանությունում հաշվառված զենքերի անօրինական վաճառքը կանխել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացին Հայաստանից 180 օրից ավելի բացակայելու դեպքում զենքն ի պահ է հանձնում ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը:

Եթե երկրից բացակայելու դեպքում քաղաքացին զենքն ի պահ չի հանձնում ոստիկանությանը, կամ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձին տեւական ժամանակ անհասանելի են դառնում զենքի սեփականատեր-քաղաքացու բնակության վայրում զենքի առկայությունը եւ այն պահելու պայմանները ստուգելը, ապա զենքը հաշվառվում է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես վերահսկողությունից դուրս մնացած զենք: Ոստիկանությունում հույս ունեն, որ այս ամենի արդյունքում հնարավոր կլինի կանխել այդ զենքերի վաճառքը եւ վերագրանցումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս