«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ թափուր աշխատատեղեր ունեն: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական ոլորտը, սակայն փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել:
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ ֆինանսների նախարարությանը: Նախարար Վահե Հովհաննիսյանն արդեն հասցրել է կադրային փոփոխություններից հետո նոր նշանակումներ կատարել եւ ունի չորս տեղակալ, սակայն նախարարը չունի օգնական. համենայնդեպս, պաշտոնական կայքում առկա տվյալները այդ մասին են վկայում: Ի տարբերություն մյուս նախարարությունների՝ այստեղ իրավիճակը բարվոք է, եւ շատ թափուր հաստիքներ չկան: Վարչություններից թափուր է Ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչությունը, Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ընդ որում՝ վերջերս՝ փետվարի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ եղել են հաստիքների համալրման համար մրցույթներ, սակայն ոչ ոք չի դիմել:
Օրինակ՝ դիմողներ չեն եղել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների հետ համագործակցության բաժնի մասնագետի, Միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի մասնագետի եւ Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության սոցիալական եւ առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի մասնագետի համար:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում