Կառավարությունն այսօրվա նիստում պետք է քննարկի հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթը: Կասկած չկա, որ կառավարությունում այն կհաստատվի միաձայն, հետո կուղարկվի խորհրդարան: Թեեւ նախագիծը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն արդեն իսկ հարուցել դժգոհություններ է: Բանն այն է, որ 2012թ. նախատեսվում է 10-12 տոկոսով բարձրացնել հարկային բեռը` այդպես փորձելով ապահովել բյուջեի մուտքերը: Մոտավոր հաշվարկներով` հաջորդ տարվա համար նախատեսված է հարկային մուտքերն ավելացնել մոտ 110 մլն դրամի չափով:
Պատգամավորները պաշտոնապես չեն տեսել հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, բայց մասնավոր զրույցներում արդեն մտահոգություն էին հայտնում այդ կապակցությամբ. ակնհայտ է, որ հարկային բեռը բարձրացվելու է ի հաշիվ մանր ու միջին բիզնեսի, քանի որ օլիգարխները, միեւնույն է, կշարունակեն աշխատել ստվերային նույն ծավալներով: Ընդ որում, վերջերս կառավարության նիստերից մեկում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էր դժգոհել. «Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ ճգնաժամային շրջանում: Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը վստահեցնում էր, որ հարկային ավելացումները հավաքագրվելու են ստվերային տնտեսության կրճատման հաշվին: «Ես հասկանում եմ, որ մենք ամենազանազան պատճառներով մեր պարտավորությունները չենք կատարում: Այնպես որ, այդ գումարները հնարավոր է հավաքագրել իրավաբանական ու ֆիզիկական սուբյեկտների կողմից պարտավորությունները պատշաճ կատարման ճանապարհով: Իսկ քանի որ այդ բարոյահոգեբանական կաշկանդվածությունը, խոցելի պահը մեզ մոտ կա, բոլորս էլ լավ չենք կատարում»,-ասաց Բոստանջյանը: Ըստ նրա` սա բարդ գործընթաց է, սակայն պետք է իշխանությունները ձեռնամուխ լինեն դրան: Մինչդեռ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը կարծում է, որ հարկային տոկոսադրույքի բարձրացումը որեւէ կապ չունի ստվերի դեմ պայքարի հետ: «Եթե ինչ-որ մեկն աշխատում է ստվերում, չի վարում նորմալ հաշվապահություն, չի վճարում օրինական պարտավորությունները, անկախ հարկային տոկոսադրույքի բարձրացումից` դա չի անելու: Եւ ավելի բարձր տոկոսադրույքով կվճարեն նրանք, ովքեր վճարում են սովորաբար: Այնպես որ, հարկային տոկոսադրույքի բարձրացումը որեւէ կապ չունի ստվերային տնտեսության դեմ պայքարի հետ»,-նշեց նա: Նռանյանի կարծիքով` բյուջեի հավաքագրման համար ամենամեծ աղբյուրը պետք է լինի տնտեսական աճը. «Անշուշտ, ստվերային տնտեսության դեմ պետք է պայքարել, եւ այդ ծավալների նվազեցումը նշանակություն կունենա ոչ միայն բյուջեի հավաքագրման, այլեւ արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացման համար: Չի կարող տնտեսական վիճակը լինել արդյունավետ, եթե տնտեսության առնվազն 30-40 տոկոսը ստվերի մեջ է: Բայց գլոբալ առումով ցանկացած երկրի առաջնային խնդիրը տնտեսության ծավալների մեծացումն է` որպես բյուջեի համալրման աղբյուր»:
Դաշնակցական պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ՀՀ-ում բոլորը բողոքում են հարկային բեռից, թեեւ այստեղ հարկահավաքման ցուցանիշը ՀՆԱ 17 տոկոսի չափ է: Մինչդեռ աշխարհի, մասնավորապես Եվրոպայի շատ երկրներում հարկահավաքման ցուցանիշը ՀՆԱ կեսից ավելին է, բայց այնտեղ որեւէ մեկը չի տրտնջում, իսկ գործարարության համար էլ երկիրը համարվում է բարենպաստ: «Այս հակասությունը լուծելը կառավարության առաջնային խնդիրն է: Երբ հասկանանք այս իրավիճակի պատճառները, կունենանք այլ տնտեսական քաղաքականություն»,-ասաց Նռանյանը:
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿՊԼՍՏԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ