ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՅՑ ԷՐ ԱԼԻԵՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը դատարան կալանքի ներկայացնելու համար:

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Մեզ հետ զրույցում Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Խաչատուրովի ձերբակալմանը, նշում է՝ այս իշխանությունների վարքագիծն է. հետապնդում են բոլոր այն մարդկանց, որոնք ռազմական ճանապարհ են անցել: Ըստ նրա՝ զինվորականների նկատմամբ հետապնդումները նաեւ յուրահատուկ զեկույց էր իրենց կառուցողական գործընկերոջը՝ Ալիեւին, որ, տե՛ս, պատժելու ենք այն մարդկանց, որոնք կանգնած են եղել պաշտպանության ակունքներում:

-Պարո՛ն Օհանյան, ինչպե՞ս կգնահատեք Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման որոշումը:

-Իրականում սա քաղաքական գործընթացների շրջանակում է տեղի ունենում: Այս իշխանությունների վարքագիծն է. նախ՝ ձերբակալում են մարդկանց, որոնք ռազմական ճանապարհ են անցել, փորձառություն ունեն եւ մերժում են օրվա իշխանություններին, քանի որ նրանց վարած քաղաքականության արդյունքում են Հայաստանն ու Արցախը այս իրավիճակում: Ե՛վ Յուրի Խաչատուրովը, եւ՛ նրա որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, մեր բանակի ակունքներում մարդիկ են, ունեն անցած ճանապարհ. մենք մեր աջակցությունն ենք ցուցաբերում Գրիգորի Խաչատուրովին:

-Պարո՛ն Օհանյան, ընդդիմադիրները մեղադրում են իշխանություններին, որ զինվորականների վրա ճնշում գործադրելով կամ նրանց ձերբակալելով՝ մտածված թիրախավորում են բանակը, իշխանություններն էլ հակադարձում են՝ թե բոլոր նրանք, ովքեր չարաշահումներ են թույլ տվել իրենց պաշտոնավարման օրոք, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

-Ես կարծում եմ, որ ոչ մեկը չի խուսափում օրենքի եւ դատաիրավական համակարգի առաջ պատասխանտու լինելուց, բայց ոչ այս իշխանությունների, որոնք ճնշումներ են գործադրում դատարանների վրա, ինչպես նաեւ այն մարդկանց վրա, որոնք ճանապարհ են անցել, բանակում մեծ դերակատարություն են ունեցել: Ըստ էության, այդ ճնշումների, բանակում փորձառություն ունեցողներին արագ-արագ պաշտոններից ազատելու եւ հրամանատարական կազմը գլխատելու պատճառով է, որ մենք 44-օրյա պատերազմում պարտություն ենք կրել: Այս իշխանությունները բանակի վերաբերյալ քարոզչությունը երկու մասով են տանում. երբ իրենց պետք է, վերամբարձ խոսքեր են ասում, իրենք իրենց են գովաբանում, ասում են՝ ոչ մեկի ժամանակ այդքան զենք չի գնվել, որքան, իբրեւ, իրենց, բայց հաշվի չեն առնում, որ ոչ մի իշխանության օրոք այդքան զենք-զինամթերք չի հանձնվել իշխանություններին, ոչ մեկի ղեկավարության ժամանակ բանակի այդքան զորամասեր, մշտական տեղակայման վայրեր կամ անշարժ գույքեր չեն հանձնվել հակառակորդին: Մյուս կողմից էլ՝ եթե իրենց պետք է լինում, բոլոր սլաքներն ուղղում են բանակի եւ բանակի ղեկավարության ուղղությամբ, ինչն անընդունելի է: Բանակին վերաբերող հարցերն այս իշխանությունները վերածել են «կիսաբաց լուսամուտների», ցնդաբանություններ են արտահայտում բանակի մասին՝ բացարձակ տեղեկություն չունենալով, թե ինչպես է բանակը կազմավորվել, ինչպես է զարգացման ընթացքն անցել բոլոր ղեկավարների ու ՊՆ նախարարների օրոք. դատարկ խոսակցություններ են վարում: Բանակը թիրախ դարձնելով՝ նրանց իջեցնում են մեր դիմադրողականության մակարդակը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ

«Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Սխերմերսին,- հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:-Քննարկեցինք մարդու իրավունքների ոլորտին առնչվող, փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր: Դեսպանին ներկայացրի «ժողովրդավար» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները:

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հայտնեցի պատրաստակամությունս՝ խորացնելու համագործակցությունը Նիդերլանդների խորհրդարանի հետ:

Դեսպանն իր խոսքում նշեց, որ իրապես ցանկալի է ընդլայնել համագործակցության դաշտը, ներկայացրեց դեսպանատան առաջիկա ծրագրերը»:

 

 

 

 

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսել ԵՄ դիտորդական առաքելությունը: ArmLur.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ ակնկալում է, որ այս դիտորդական առաքելությունը կնպաստի, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունանա: Մեզ հետ զրույցում պատգամավորն անդրադարձավ նաեւ ռուսական կողմի կոշտ հայտարարություններին ԵՄ դիտորդական առաքելության մասով՝ նկատելով, որ Ռուսաստանը մինչ այս կա՛մ չի արձագանքել ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, կա՛մ էլ ոչ բավարար արձագանք է տվել. «Պետք չէ սեփական անգործության հարցում Հայաստանին մեղադրել: Ռուսաստանին այս տարածաշրջանից չի կարող դուրս մղել որեւէ մեկը, բացի Ռուսաստանից. եթե կա երկիր, որը կարող է դուրս մղել նրան այս տարածքից, դա միայն Ռուսաստանն իր գործողություններով կամ անգործությամբ»,- ասում է պատգամավորը:

 

 

 

 

ՄԱՐԴԻԿ ՉԿԱՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում թափուր աշխատատեղեր կան, եւ ինչպես երեւում է, դրանք զբաղեցնել չի հաջողվում: Բանն այն է, որ Արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ թափուր տեղերի համալրման նատակով, եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները  երկարացվել են, որպեսզի մարդիկ կարողանան դիմել, եւ հնարավոր լինի լրացնել թափուր հաստիքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը թվով 16 հաստիքների մասին է, դրանց թվում կան 2-րդ քարտուղարի, կցորդների, 3-րդ քարտուղարի հաստիքներ: Հայտարարության մեջ նշված են  նաեւ պաշտոնային դրույքաչափերը: 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, առնվազն երկու օտար լեզվի գերազանց իմացությամբ 2-րդ կցորդի պաշտոնային դրույքաչափը կազմելու է 221 հազար դրամ, 3-րդ քարտուղարինը՝ 189 հազար դրամ, կցորդինն էլ՝ 163 հազար դրամ:  Հասանելի է նաեւ հարցաշարը. բացի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերից, պետք է իմանալ, օրինակ,  թե ում է Հայաստանում պատկանում իշխանությունը, ինչպես է այն իրականացվում, ով է իրականացնում նախարարության կառավարումը եւ այլն: Արտաքին գործերի նախարարությունը մեկն է այն գերատեսչություններից, որտեղ թափուր հաստիքները շատ են, եւ ցանկացողներ չկան՝ պետական համակարգում եւ այս իշխանությունների հետ աշխատելու: Դա էլ հանգեցնում է մի իրավիճակի, երբ նախկին պաշտոնյաները նշանակվում են օգնականներ ու խորհրդականներ:

 

 

 

 

ՈՎՔԵՐ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան եւ Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ավարտվել են: Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են «Ազգ-համայնք» (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը եւ Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սիսիանում իրենց թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է: Նշենք, որ վերջինս նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ եղբայրն է: Ավելին՝ վերջինիս հայրը՝ Աղասի Հակոբջանյանը նույնպես եղել է Սիսիան համայնքի ղեկավար՝ ԲՀԿ-ից: Անի համայնքում նույնպես ՔՊ թեկնածուն համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանն է: Հետաքրքիր է, սակայն, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը Սիսիանում նախորդ ընտրությունների ժամանակ 4 մանդատ էր ստացել, այս անգամ առհասարակ ընտրություններին չի մասնակցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սիսիանում ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Էլցանցի տնօրեն Ջիվան Մարգարյանը, իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակի առաջին համարը VTB բանկի Սիսիանի մասնաճյուղի կառավարիչ Ավագ Ասատրյանն է։




Լրահոս