Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների՝ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի օրենսդիրներին, հրավիրված բարձրաստիճան քաղաքական ու հանրային գործիչներին հասցեագրված ամենամյա ուղերձով է հանդես եկել: Նա հայտարարել է, թե Արեւմուտքն է սանձազերծել ներկայիս պատերազմը: «Ռուսաստանը չի պատերազմում Ուկրաինայի ժողովրդի դեմ, Ուկրաինայի ժողովուրդը դարձել է կիեւյան ռեժիմի եւ դրա արեւմտյան տերերի պատանդը»,- հայտարարել է Պուտինը: Նա պնդել է, թե Ռուսաստանն ամեն բան արել է ուկրաինական ճգնաժամը խաղաղ եղանակով կարգավորելու համար, «սակայն նրա թիկունքում բոլորովին այլ սցենար է մշակվել»:
Պուտինը պնդել է նաեւ, թե «Արեւմուտքը սադրիչ գործողություններով եւ ահաբեկիչների միջոցով փորձել է հակամարտություններ հրահրել նախկին խորհրդային երկրներում եւ Ռուսաստանում»: Նա ասել է, որ այսօրվա ուղերձն ընթերցում է երկրի համար բարդ եւ շրջադարձային փուլում, երբ տեղի են ունենում արմատական, անշրջելի փոփոխություններ ամբողջ աշխարհում, կարեւորագույն պատմական իրադարձություններ, որոնք որոշում են երկրի եւ ժողովրդի ապագան: Պուտինը հայտարարել է, որ բոլոր ռուսները հիմա վիթխարի պատասխանատվություն են կրում: «Անցյալ դարի 30-ական թվականներին Գերմանիայում նացիստների համար Արեւմուտքը գործնականում բացեց իշխանության ճանապարհը, իսկ մեր ժամանակներում նրանք «հակառուսաստան» են ստեղծել Ուկրաինայում»,- շարունակում է Պուտինը: «Եվ այդ ամենը մեկ նպատակով՝ տարածքներ պոկել մեր երկրից», – ասել է նա։
ՌԴ նախագահի խոսքով՝ արեւմտյան քաղաքական գործիչներին չի հետաքրքրում, թե ում վրա խաղադրույք կատարել Ռուսաստանի դեմ պայքարում, կարեւորը՝ կատարեն իրենց կամքը: ««Հակառուսաստան» նախագիծը Արեւմուտքի ռեւանշիստական քաղաքականության մի մասն է. գաղափարը մեկն է՝ Եվրոպայում պատերազմ հրահրել ուրիշի ձեռքերով… Մենք Ուկրաինայի ժողովրդի հետ պատերազմի մեջ չենք, նրանք իրենք են դարձել Կիեւի ռեժիմի պատանդը»,- ասել է Պուտինը։ Խոսելով Արեւմուտքի կողմից Կիեւին զենքների մատակարարման մասին՝ նա նշել է. «Բոլորին պետք է պարզ լինի մեկ հանգամանք. որքան շատ հեռահար համակարգեր գան Ուկրաինա, այնքան մենք ստիպված կլինենք հեռացնել վտանգը մեր սահմաններից»։
Նրա խոսքով՝ Արեւմուտքը մտադիր է լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ առճակատման փուլ։ «Մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելն անհնար է, հետեւաբար ավելի ու ավելի ագրեսիվ տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Նրանք անընդհատ ստում են, չեն դադարեցնում հարձակումները մեր մշակույթի, Ռուս ուղղափառ եկեղեցու վրա», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ Արեւմուտքը հենվում է ազգային դավաճանների վրա, որոնք միշտ ունեն նույն ատելության թույնը իրենց հայրենիքի նկատմամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է, որ 2023 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների եւ 2024 թվականին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին խստիվ համապատասխան։ «Ուզում եմ ընդգծել, որ այս տարվա սեպտեմբերին եւ՛ տեղական ու տարածքային իշխանությունների, եւ՛ 2024 թվականի նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին խստիվ համապատասխան՝ ժողովրդավարական սահմանադրական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է Պուտինը։
«Նրանք, ովքեր բռնել են երկրի դավաճանության ճանապարհը, պատասխանատվության կենթարկվեն օրենքով»,- ասել է նա: Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն «վհուկների որս» կազմակերպել։ «Ով գնում է ուղիղ դավաճանության ճանապարհով, կատարում է ահաբեկչական եւ այլ հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվի օրենքով։ Բայց մենք երբեք չենք նմանվի Կիեւի ռեժիմին եւ արեւմտյան վերնախավերին, որոնք զբաղվում են վհուկների որսով»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ իշխանությունները «հաշիվներ չեն մաքրի» նրանց հետ, ովքեր «հրաժարվել են հայրենիքից», բայց «դա կմնա նրանց խղճի վրա»։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ շարունակեցին 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակի շուրջ քննարկումները:
Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, Կառավարության ծրագրի առաջնահերթությունների իրականացման, ոլորտային ծախսերի, հնարավոր ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները: Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքին, պետական գերատեսչությունների՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման արդյունքներին եւ դրանց հիման վրա հետագա քայլերին:
Կառավարության ղեկավարը կարեւորել է բարեփոխումների, ծրագրերի կառավարման ու իրականացման արդյունավետության շարունակական բարձրացումը, ինչը կխթանի տնտեսական աճը եւ կլավարկի հարկաբյուջետային քաղաքականությունը:
Վարչապետը հանձնարարել է շարունակել շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շուրջ:
11 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մ.Ս.-ից եւ նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք:
Մասնավորապես, Երեւան քաղաքում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռեւս գնահատված չեն):
Ութ իրավաբանական անձանցում մասնակցություն եւ մեկ փոխառության պահանջի իրավունք:
Բռնագանձման է ենթակա նաեւ ավելի քան 8.6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վարժական հավաքներ է հայտարարելու՝ երկու ամիս ժամկետով։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է այս տարվա ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 15-ը անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Մեզ հայտնի դարձավ, որ վարժական հավաքներին կներգրավվի մինչեւ 953 քաղաքացի, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը հայտարարել է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության ավագ մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հայտարարության մեջ մանրամասն նշված է, թե ինչպես է իրականացվելու մրցույթը, ովքեր կարող են մասնակցել, եւ ինչ շրջանակներից են լինելու հարցատոմսի հարցերը: Նախ՝ նշենք, որ հիմնական աշխատավարձը կազմելու է 189 հազար դրամ: Թեստի ձեւանմուշում հանդիպում ենք հետեւյալ հարցերի.
Դասավորե՛ք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները.
- Պրեզենտացիա
- Մենեջմենթ
- Տոտալիտարիզմ
- Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում
Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
Կամ հարցի մեկ այլ օրինակ.
Դասավորե՛ք ճիշտ հերթականությամբ
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ