ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի (Գրիգորի Խաչատուրովի) նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

 

Խաչատուրովը ձերբակալվել է։

Ըստ դատախազության՝ քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։

Մեղադրանք է առաջադրվել նաեւ բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին: Այս մասին երեկ՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Արշակյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա հայտնեց, որ Արշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու մասին արգելքը:

Անդրադառնալով բուն քրեական գործին՝ Միհրան Պողոսյանն ասաց. «Եկեք մոռանանք զորամասի տարածք հասկացողությունը. դա անշարժ գույք է, որը 90-ականների կեսերից երբեւիցե որպես զորամաս չի ծառայել: Զորամասերը եւ դրանց տարածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել: Դրանք իրավական հիմք ստացել են 2005-ին, դրանից հետո դրանք որպես զորամաս երբեւիցե առկա չեն եղել»:

Դիտարկմանը, որ այդ տարածքներն անօտարելի են, փաստաբանն արձագանքեց. «Դրա պատասխանատուն երբեւիցե չի կարող հանդիսանալ Էդգար Արշակյանը, որովհետեւ տվյալ տարածքների օտարելիության պայմաններ օրենքը նախատեսում է, թե որ պայմաններում կարող են տվյալ տարածքներն օտարվել»:

Պողոսյանն ասաց, որ քրեական գործում առկա 18 միլիոն դրամի գրավ վերցնելու մասը նույնպես իրականությանը չի համապատասխանում. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետեւ տվյալ գույքի համար երբեւիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կքնվել է հիփոթեքային պայմանագիր, որի պայմանաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ: Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակայնին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել: Քանի որ Արշակյանն այդ տարածքը չի  օգտագործել, որպես լրացուցիչ գրավ, դա դրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել»:

Փաստաբանը շեշտեց, որ Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի. «Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռք բերել, որի համար որեւէ փաստական հիմք չկա, եւ Էդգար Արշակյանը հանդիսացել է, այսպես ասած, քողարկված անձ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար»:

Նրա դիտարկմամբ՝ խտրական վերաբերմունք կա Խաչատուրովի նկատմամբ, ինչը պայմանավորված է նրա անձով. «Այսինքն՝ խնդիրը ոչ թե գործարքն ու ենթադրյալ քողարկումն է, այլ կոնկրետ նրա անձն է, որ ամեն կերպ ցանկանում են կալանքի հասնել, ինչը, համոզված եմ, դատարանը թույլ չի տա այս պարագայում»:

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովն այն միակ գեներալն էր, ով Օնիկ  Գասպարյանի հետ հրապարակային պահանջում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչից հետո նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից:

Փետրվարի սկզբին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Դատախազը պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու երեք միջնորդություն ներկայացրեց։

Ըստ Վարդապետյանի՝ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք Պաշտպանության նախարարության գործող երկու հատուկ նշանակության հողամասեր՝ զորանոցով, կից այլ շինություններով, վաճառվել են կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ Գլխավոր դատախազն ասաց, որ վաճառված հողատարածքներն Արարատի մարզի Արմաշ համայնքում են, շինություններից մեկը փաստացի վաճառվել է զորամասերից մեկի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին չորս միլիոն դրամով, իսկ նա բանկում գրավադրել է 18 միլիոնով։

 

 

 

ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ ԳՏԵԼ ԷԻՆ 8 ՊԱՐԿՈՒՃ

Փետրվարի 10-ին՝ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել:

 

Պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքը ստացել էր մայրաքաղաքի Սեւանի փողոցում։ Քրեական ոստիկանության, Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ ժամը 18.30-ի սահմաններում մայրաքաղաքի Սեւանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, այնուհետեւ հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա մի տղամարդ եւ մեքենայով հեռացել էր դեպքի վայրից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 8 պարկուճ:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Նշանակվել էին փորձաքննություններ:

Դեպքից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 17-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները եւ Արարատի ու Արտաշատի բաժինների ծառայողները Արարատի մարզի Տափերական գյուղում հայտնաբերեցին ու ձերբակալեցին կրակոցներ արձակած 32-ամյա երեւանցուն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու ատրճանակ, փամփուշտներ, դանակ եւ Մարիխուանայի նմանվող զանգված։

Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

 

 

 

ԴԵՐԱՍԱՆԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Արմավիրի ճանապարհին վթարի է ենթարկվել հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանը:

Shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, բախվել են Toyota CRH եւ VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «06»-ի վարորդին ու ուղեւորին առաջինն օգնության են հասել Toyota CRH-ի վարորդը եւ օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, որը դեպի Արմավիր ընթանալիս Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վթարի ենթարկված «Տոյոտա»-ի վարորդը հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՊԱՆԵԼ Է ՈՐԴՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի կողմից որդուն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2022 թվականի հուլիսի 24-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տներից մեկում 65-ամյա տղամարդու եւ որդու միջեւ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս սկսել է կոտրել տան գույքը եւ հոր հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցրել: Որդու պահվածքից հոր համբերությունը սպառվել է, եւ նա, խոհանոցից վերցնելով դանակը, ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցի հատվածին: Վերջինս ընկել է, որից հետո վեր կենալով՝ վազել է փողոց եւ հանդիպելով համագյուղացիներից մեկին՝ խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 65-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։




Լրահոս